Երեւանի նախկին քաղաքապետ, ավագանու թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալն իր ֆեյսբուքյան էջում տարածել է իրենցից գողացած նախընտրական հոլովակը:
«Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք…»,- գրել է Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ՝ մեկնաբանությունում ներկայացնելով կեղծված լուսանկարի սքրինշոթը։
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Հարությունյանը մեկնաբանել է Մարությանի գրառումը՝ զարմանալով, որ մարդիկ զարմացել են՝ տեսնելով՝ ինչպես է ՔՊ-ն ապամոնտաժել Հայկոյին տեսանյութի միջից։
«Զարմացե՞լ եք: Զվարճացե՞լ եք: Իզուր: Ստեղ որեւէ նորություն չկա: Այ էդ նույն մեթոդով «սրբագրում են» Հայաստանի նորագույն պատմությունը: Էդ նույն մեթոդով նսեմացնում են Ղարաբաղյան շարժումը, 90-ականների դժվարագույն քաղաքականությունն ու պատերազմի հաղթանակը, նորմալ լուծման հասնելու տեսլականը, ամբողջ պատմությունը»,- նշել է օգտատերը եւ հավելել․ «Քանի որ իրենք արժեք ստեղծող չեն: Իրենք արժեք ոչնչացնող են, հետեւաբար ուղղակի հոշոտում, կեղծում, եղծում, փոխում, իրենց են հարմարեցնում բոլոր իրադարձությունները»,- եզրափակել է Արտակ Հարությունյանը: