«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- Երեւանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Ըստ նրա՝ Իրանը ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։«Մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»,– ասել է դեսպանը։
Դեռ 2023-ի հունվարին Սյունիքի մարզ այցելության ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, վերահաստատելով Իրանի արտգործնախարարի ավելի վաղ արած հայտարարությունը, նշել է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունն է:
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ «Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որեւիցե փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու»,– 2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողության ժամանակ նշել է Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։