ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Սպիտակ տան առաջնորդը իր շահագրգռվածությունն է հայտնել «համագործակցության ընդլայնված շրջանակում երկկողմ կառուցողական հարաբերություններով եւ տարաձայնությունների արդյունավետ կարգավորմամբ»:
Պետությունների ղեկավարները համաձայնել են երկկողմ հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովի ընթացքում՝ քննարկելու համար երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների ամբողջ շրջանակը։ Այլ մանրամասներ Սպիտակ տունը չի փոխանցում։
Հիշեցնենք, որ տարբեր աղբյուրների հավաստմամբ Ջո Բայդենը մտադիր է իր ապրիլքսանչորսյան ուղերձում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Բլումբերգ» գործակալությունը, հղում անելով երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցին ծանոթ պաշտոնյաներին, հայտնել է, թե Բայդենը Էրդողանին տեղեկացրել է, որ մտադիր է ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սպիտակ տան հաղորդագրության մեջ, սակայն, դրա մասին որեւէ բան ասված չէ:
«Բլումբերգ»-ը նշել է, որ Բայդենը 40 տարվա մեջ ԱՄՆ առաջին նախագահը կլինի, որ 1915 թվականի զանգվածային կոտորածները հրապարակավ «ցեղասպանություն» կանվանի:
«Բլումբերգը» միաժամանակ հիշեցրել է, որ 2019-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հատուկ բանաձեւերով ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 1915-ին կատարվածի համար մեղադրեց հայերին:
«Հայկական հանցավոր խմբերի եւ նրանց աջակիցների տարհանումը, որոնք Արեւելյան Անատոլիայում կոտորել էին մահմեդականների, նրանց թվում` կանանց ու երեխաների, ամենաբանական քայլն էր, որ կարելի էր անել այդ փուլում»,- գրել էր Էրդողանը Թվիթերում:
Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունն էլ, գրելով Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի եւ Բայդենի՝ Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին, հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարությունն ընդունում է հայերի զանգվածային ոչնչացումը, սակայն դեմ է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը: Ավելին՝ համարում է, որ զոհերի թիվը, որը պնդում է հայկական կողմը, չափազանցված է: Անկարայի տեսանկյունից Օսմանյան կայսրությունում հայերի զոհվելը ոչ թե կառավարության նպատակասլաց քաղաքականության արդյունք էր, այլ քաղաքացիական պատերազմի հետեւանք, որի զոհերն են եղել նաեւ թուրքերը:
Ըստ թուրքական աղբյուրների՝ Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցից հետո Թուրքիայի արտգործնախարարը Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Բլինքենի, նախագահ Էրդողանի խոսնակը` նախագահ Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Բայդենի եւ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում տարաձայնություններով հանդերձ՝ գերակա պետք է մնան Թուրքիայի եւ ԱՄՆ համատեղ եւ ռազմավարական շահերը։