Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը թեեւ շատ խիստ է ու անողոք, բայց ճիշտ հարց է բարձրացնում։
Իհա՛րկե, «իւրաքանչիւրի խղճի վրայ է ծանրացած այսօրը եւ, առաջին հերթին, այո՛, պատասխանատուների վրայ», բայց, ցավոք, չի տալիս Արցախ աշխարհը ուրանալու հստակ ձեւակերպումը (ինչպե՞ս են ուրացել, ուրանում) եւ չի ներկայացնում ուրացողների ցանկը։
Եթե ուրացումը վաղեմության ժամկետ չունի, իսկ չունի, քանի որ մարդու դատելիք չէ, ապա պետք է անուն առ անուն նշել ուրացողներին։
Ներկա իշխանություններին կարելի է չնշել, որովհետեւ ինքնին պարզ ու հասկանալի է։
Բայց ո՜նց չհիշատակել Ռոբերտ Քոչարյանին, որն Արցախը դուրս թողեց բանակցություններից եւ տասնամյա իր պաշտոնավարման ընթացքում կառուցեց մի անսասանություն, որի հիմքն ավազն էր։
Բայց ո՜նց չհիշատակել Սերժ Սարգսյանին, որի պաշտոնավարման ընթացքում «ավազը» սկսել էր սորալ, բայց հռետորաբանությունը չէր դադարում կոշտ լինելուց։
Ո՜նց չհիշատակել սրանց նախարարներին (հատկապես՝ ԱԳ, ՊՆ), խորհրդականներին, արբանյակ կուսակցություններին ու վարձու փորձագետներին, որոնք բոլորը դատվելու են «իմանալ չհայտնելու» աստվածային օրենքով։
Դատել-դատել է, եկե՛ք ուսուցիչներին, դասախոսներին, պատմություն կեղծող, եղծող եւ սնապարծող գիտնականներին էլ դատենք։
Մի խոսքով՝ ցանկը մեծ է ու լավ մտաբերելու դեպքում դեռ կարող է աճել ու աճել։
Բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Հայտնի է, որ Հայաստանում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, կա գերեզմանոցների խնդիր։ Տարիներ առաջ անգամ դիակիզարաններ ստեղծելու հարց էր բարձրացվել, որին դեմ էր Հայ առաքելական եկեղեցին։ Հիմա բոլոր ուրացողներին նզովելով եւ շիրիմազրկելով կարելի է գերեզմանոցների հարցն էլ լուծել, դիակիզման անաստված պրակտիկայից էլ խուսափել։
Աստված օգնական, սրբազան…