Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուրուգվայի մշակույթի եւ կրթության նախարար Պաբլո Դա Սիլվեյրան երեկ երեկոյան ընթերցել է գործադիր իշխանության հատուկ ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով:
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժե Պոուի որոշմամբ՝ ուղերձը պարտադիր ու միաժամանակ հեռարձակվել է երկրում գործող բոլոր ռադիո- եւ հեռուստաալիքներով:
Ուղերձում շեշտվում է, որ 50 տարի առաջ Ուրուգվայը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում զոհվել են մեկուկես միլիոն հայեր, եւ որը 20-րդ դարում առաջինն էր ու, ավաղ, ո՛չ վերջինը:
«Մեր պետության համար հայ դատի պաշտպանությունը համահունչ է երկրի պատմական դիրքորոշումներին՝ կապված իրավական կարգի, մարդու եւ ինքնորոշման իրավունքների պաշտպանությանը»,- ընդգծված է Ուրուգվայի կառավարության ուղերձում: