Ըստ «Արմենպրես»-ի՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին:
«Ողբերգական խորհրդանիշն այն է, որ 2020-ին ներխուժումը Լեռնային Ղարաբաղ տեղի ունեցավ ճիշտ նույն օրը, երբ 100 տարի առաջ թուրքերը ներխուժեցին նորանկախ Հայաստան: Պատմությունը կարեւոր է»,- ընդգծել է Լոութենը:
Նա հիշեցրել է, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունները համատեղ հռչակագիր հրապարակեցին՝ կոտորածներն անվանելով «հանցանք ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության», ինչը նման բարձր մակարդակով արված առաջին նմանօրինակ հայտարարությունն էր:
«1916-ին երկու հիասքանչ բրիտանացի պատմաբանների եւ դիվանագետների՝ Ջեյմս Բրայսի եւ Առնոլդ Թըյնբիի ջանքերով Բրիտանիայի կառավարությունը հրապարակեց Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ «Հայերի նկատմամբ վերաբերմունքն Օսմանյան կայսրությունում, 1915-1916» վերնագրով, որը համարվում է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի ու վկայությունների ամենանշանակալի հավաքածուներից մեկը»,- ասել է Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը:
Թիմ Լոութենն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջապես պետք է ճանաչի «հարյուրամյա պատմություն ունեցող բռնությունը, որի ընթացքում, ժամանակակից աշխարհում առաջին ցեղասպանության ժամանակ, օսմանցիների կողմից սպանվեց 1.5 միլիոն հայ: Մենք Միացյալ Թագավորության խորհրդարանում շարունակելու ենք լոբբիստական գործունեությունն այս ուղղությամբ»։