Օգոստոսի 28-ի գիշերը զինված հարձակում է եղել Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ: Արցախի ՆԳՆ-ն հայտնել է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող երկու քաղաքացու։ Նրանք Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 40–ամյա Տ.Հ.-ն եւ 42-ամյա Ա. Ա.-ն են։
«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ եւ ոգելից խմիչքների ազդեցությամբ, վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր եւ կրակոցներ արձակել շենքի եւ տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում: Նախապատրաստված նյութերը ուղարկվել են քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։
Նախօրեին էլ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ադրբեջանական կողմի տեւական բողոքների հետեւանքով ջնջվել է: «Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետեւանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետեւանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել»,– նշված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ: Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել Ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ: