Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մոտից առեւանգված երեք երիտասարդները արցախցի ֆուտբոլիստներ են։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ տղաներին մեղադրում են երկու տարի առաջ ադրբեջանական դրոշն անարգելու համար։ Նշում են, որ Լաչինի միջանցքում առեւանգվածներին նրանք ձերբակալել են։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ընդգծել են, թե իբր 2021-ին որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել` երկու հոդվածով։
Ըստ տարածված հաղորդագրության` հաշվի առնելով տղաների տարիքը` Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանց արտաքսեն Հայաստան։
Օգոստոսի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առեւանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում եւս երկու հայ երիտասարդներ են առեւանգվել։
Օգոստոսի 28-ին ավելի ուշ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը հայտնել է, որ ադրբեջանցիների կողմից առեւանգված հայ երիտասարդներն են Ալեն Սարգսյանը, Լեւոն Գրիգորյանը եւ Վահե Հովսեփյանը: