ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանից Հայաստան եկած ռուսների ֆեյսբուքյան «տեղորոշմանը», որով նրանք փաստում են, որ ոչ թե փախել են Ռուսաստանից, այլ միայն փոխել են իրենց գտնվելու վայրը։
«Մի քանի անգամ ասել եմ, նորից եմ խնդրում, հորդորում, պահանջում, էդ ՌԵԼՈԿԱՆՏ բառը գոնե մենք չօգտագործենք, մենք չկրկնենք ու ինքներս մեզ չդարձնենք Ռուսաստանի մարզ։
Այս եզրույթն իրենց իմպերիալիստական, եթե կուզեք` նեո_իմպերիալիստական ընկալումների վառ արտահայտումն է, թե բա` լոկացիա ենք փոխել ընդամենը, ոչ թե երկիր, այսինքն՝ Հայաստանն իրենց երկրի մասն է, իրենք էլ ընդամենը տեղանք են փոխել։
Ո’չ եւ ո’չ, Հայաստան տեղափոխված ռուսները ՄԻԳՐԱՆՏ (migrant) են կամ ՓԱԽՍՏԱԿԱՆ (refugee), այլ իրավական տերմին իրենց դեպքում ՉԿԱ»,- գրում է Գայանե Աբրահամյանը։
Նա զգուշացնում է ռուսների մասին գրող հայաստանցիներին, որ «ռելոկանտ» բառը «փափուկ ուժի, մշակութային ներխուժում է, զավթում»։
«ԵՐԲԵ’Ք, ԵՐԲԵ’Ք մի’ կիրառեք «ռելոկանտ» եզրույթը, հատկապես պաշտոնական մակարդակներում, չպետք է կիրառել, չպետք է լեգիտիմացնել Հայաստանն իրենց մարզ դիտարկող նկրտումներն ու փափուկ ուժի ագրեսիվ ներխուժումը»,- գրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամը։