Հայոց եղեռնի՝ ազգային մեր ողբերգության հերթական տարելիցի էս օրերին թեեւ համախմբված, թեեւ միասնական ու թեեւ կողք կողքի, բայց, միեւնույնն է, երկու ճամբարի ենք բաժանված, գուցե ավելի շատ, բայց ինձ համար երկուսն են տեսանելի՝ որպես տարբեր բեւեռներ։
Մի մասը հիշում է, ցավում ու սգում, բայց փորձում է իր հիշածը, իր ցավն ու իր սուգը ատելություն չդարձնել, մարդատյացություն չդարձնել, մյուս մասը հիշում է ու պահանջում, պահանջում է ու ատում, ատում է ու վրեժ երգում, երգում է ու դրոշ վառում։
Քանի որ վերջիններիս թվում շատ են նաեւ բանիմաց, կարդացած, գրագետ ու կիրթ երիտասարդներ, ընկերներ ու բարեկամներ, ու քանի որ սիրտս ցավում է նրանց ընտրած «վրեժի» ձեւից, ուզում եմ մի պահ միասին կանգ առնենք ու մտածենք, թե ինչ ենք ուզում թուրքից, որ «թուրք» է մնում, ու հայից, որ հայ է մնում, կուզենք, որ հայ մնա, որովհետեւ ինչ կա ավելի բնական, քան թուրքը, որ թուրք է, հայը, որ հայ է, ու ռուսը, որ ռուս է։
Արժի, որ սեւեռվենք մարդ լինելու վրա, բոլոր էս ինքնությունների դիմակների տակ մարդուն պիտի փնտրենք ու մարդ պիտի կերտենք։
Չասեք՝ գնա Շահան Նաթալի կարդա, կարդացել եմ։ Բայց Առաքել Դավրիժեցի էլ եմ կարդացել, ու եթե այսօր չենք հիշում, հիշում ու պահանջում պարսիկից, որի Աբբասը մեզ տեղահանել ու, Արաքսի ջրերում մի մասին խեղդելով, մեր տները այրելով, մեր դաշտերն ամայացնելով, տարել, իր համար «կամուրջ» է դարձրել իր ու եվրոպացիների միջեւ, այդ նրանից չէ, որ նրա արածը պակաս զարհուրելի է եղել, այլ նրանից, որ հասկացել ենք (կամ թույլ են տվել հասկանալ), որ դա հիշելով ու դրա վրա սեւեռվելով չէ, որ պիտի ապրենք։
Այդ նրանից է, որ հասկացել ենք՝ մեզ դաշնակից է պետք, ոչ թե թշնամի, ու մեզ տեղահանողի մեջ դաշնակցի ենք տեսել ու նրա սուրը մոռացել, «բարձր հովանին» ենք հիշել, որի տակ տուն ու եկեղեցի ենք կառուցել, դպրոց ու տպարան բացել։
Ու եթե այսօր պարթեւների ցեղից Գրիգորին հիշելիս խաչակնքում ենք ու մասունքներն էլ սուրբ համարում, այդ նրանից է, որ չենք հիշում ու պահանջում, որ այրած մագաղաթների, ավերած մեհյանների ու հազարավոր սպանված մարդկանց՝ նույն հայերի համար պատասխան տա։
Ջանում ենք մոռանալ, չհիշել, չպահանջել, որովհետեւ հասկացել ենք, որ մեզ սուրբը, սուրբի կերպարը ավելի կարող է ապրեցնել, քան արնախումի կերպարը, ու քանի որ վճռել ենք նրա մեջ սուրբը տեսնել, մոռացել ենք, որ նա պարթեւ է, ու որ պարթեւը պարթեւ է մնում։
Մեզ թշնամի չէ, որ պետք է ապրելու եւ ապրեցնելու համար, մեզ հարեւան է պետք, որի հետ պիտի կարողանանք խաղաղ ապրել կողք կողքի, ու դրա համար պետք է հիշել ու պահանջել ՄԵԶՆԻՑ յուրաքանչյուրիցս՝ սահմանի եւ՛ այս, եւ՛ այն կողմում, որ թույլ չտանք թալեաթների ու էնվերների գոյություն, որ թույլ չտանք սեփական քաղաքացուն նվաստացնող, կեղեքող, երկրից արտաքսող իշխանություն, մարդու մեջ գազան աճեցնող գաղափարախոսություն, մարդուն մարդուց վեր դասող գաղափարախոսություն, մարդու մեջ սերը սպանող ու ատելություն սերմանող գաղափարախոսություն, խաղաղությունից վախեցող ու պատերազմի հետ հաշտ իշխանություն։
Հայոց ցեղասպանությունը հանցանք է մարդկության հանդեպ․ հանցանք, որի հետ նախեւառաջ պիտի առերեսվեն Թուրքիայի հասարակությունն ու պետությունը։ Իսկ դրոշը կայրենք, թե ոտնատակ կտանք, ոչինչ չենք փոխի մեզ հետ պատահածը այլեւս երբեք չտեսնելու համար ու յաթաղանից մինչեւ բայրաքթար այդպես էլ կանգ չենք առնի՝ մտածելու, թե ինչ կարող էինք անել մեկի շեղբը շեղելու, մյուսի թռիչքը խեղելու համար։
Ես հիշում եմ բոլոր արհավիրքները, որ պատահել ու պատահում են հայի, եզդու, արաբի, հույնի, ամեն մարդու հետ, ու ես ԻՆՁՆԻՑ պահանջում եմ գոնե մի նշույլ լույս ավելացնել իմ մեջ, իմ կողքինի մեջ ու հուսալ, որ խավարը մի օր ցրվելու է, որովհետեւ մեզ տրված կյանքը սիրելու, ոչ թե ատելու համար է, որովհետեւ մեզ տրված կյանքը ապրեցնելու, ոչ թե սպանելու համար է։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։