Սեպտեմբերի 1-ից շենքերի եւ շինությունների կառուցման ընթացքում շինարարությունը պետք է պարտադիր կերպով ծածկվի համապատասխան բարձրության 180 գ/քմ խտությամբ ցանցով:4-րդ եւ 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների դեպքում կտեղադրվեն օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ: Իսկ մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար շինարարական մեքենաները շինհրապարակից պետք է դուրս գան հատուկ մետաղական էստակադայի վրա անիվների լվացվելուց հետո:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ օդում փոշու եւ այլ աղտոտիչների մեծ քանակության պատճառով բազմաթիվ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, մասնավորապես սրվում են ալերգիաները, սրտանոթային (սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտներ), սուր եւ քրոնիկ շնչառական հիվանդությունները, թոքի քաղցկեղը եւ այլն։
Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ բոլոր այն կառուցապատողների նկատմամբ, որոնք շինհրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու պահանջները չեն կատարել, վերահսկողություն եւ վարչարարություն կկիրառվի:
Ասատրյանը հավելել է, որ շինարարներն ու կառուցապատողները այս ընթացքում իրազեկվել են ցանցեր, մոնիթորինգի ցուցիչներ գնելու եւ գործընթացն ապահովելու մասին, եւ եթե սեպտեմբերի 1–ից սկսած Երեւանի վերահսկող բոլոր ստորաբաժանումներում նորմերի խախտումներ հայտնաբերվեն, վարչարարություն է կիրառվելու։ Նախատեսվում է տուգանք` առաջին անգամի դեպքում 50-100 հազար դրամ, երկրորդից սկսած տուգանքի կրկնապատիկի չափով` 100-200 հազար դրամ։ Պաշտոնյան նշել է նաեւ, որ կառուցապատողները ներքին ռեսուրսներով եւ գործիքներով պետք է օդի աղտոտվածության դեմ պայքարեն եւ առնվազն մշտապես ջրեն շինհրապարակը (նման պահանջ եւս կա), քանի որ օդի փոշոտման դեմ ամենաարդյունավետ գործիքներից մեկը ջրելն է։
Ասատրյանը տեղեկացրել է նաեւ, որ ներկա պահին Երեւանում կան շուրջ 900 չորրորդ կատեգորիայի օբյեկտներ, որոնց մեծ մասը բազմաբնակարան բնակելի շենքեր են։ Դրանցից շուրջ 600-ը ակտիվ շինարարական ընթացքի մեջ են, իսկ մյուս 300–ի մեջ տարբեր պատճառներով դադարեցված կամ արդեն ավարտին հասցված, բայց շահագործման թույլտվություն չստացած շինություններ են։