«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) խոստանում է աշունը հիշարժան դարձնել՝ սեպտեմբերի 16-ին բոլորին Լոռի հրավիրելով։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում սպասվում է մեծ իրադարձություն՝ COAF Fest-ը, որի ընթացքում արվեստ, արհեստ եւ երաժշտություն բաղադրիչներից բացի ներկայացվելու է Հայաստանի ամենամեծ սոցիալական ձեռնարկությունը՝ ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» բրենդը։
Այն ներառում է հյուրանոց, ռեստորան եւ համագումարների կենտրոն։ Վերջինը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի նոր ենթակառուցվածքն է։ Նորակառույց շենքը զբաղեցնում է 27000 քմ տարածք (համագումարների, հանդիպումների, հանգստի սենյակներ, ճաշասրահ եւ այլն)։
Սոցիալական ձեռնարկությունների շնորհիվ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) նպաստում է համայնքների տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ապահովելով ՍՄԱՐԹ ավանների մոդելի կայուն զարգացումը (կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ծրագրեր), հայտնում են հիմնադրամից։
Միջոցառման մշակութային մասում «Արդեան» արվեստի, դիզայնի եւ ճարտարապետության կենտրոնի աշխատանքներն են ցուցադրվելու բացօթյա պատկերասրահում։ Դրանք Լոռու հնագույն վանքերն ու մշակութային ժառանգությունն են՝ ժամանակակից մեկնաբանությամբ՝ ինստալյացիաների ձեւաչափով։ Իսկ վարպետության ցուցահանդեսում կներկայացվեն տեղի արհեստագործների աշխատանքները՝ ձեռագործ իրերից մինչեւ բացառիկ ստեղծագործություններ։
COAF Fest-ը կուղեկցվի երաժշտական հայտնի խմբերի եւ անհատների կատարումներով՝ Վահագն Հայրապետյան ջազ քառյակ, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ (MVF), «Լավ էլի», «Բամբիռ», «Հայաթ Փրոջեքթ»։ Փառատոնի ընթացքում կգործի ֆուդ-կորտ․ կներկայացվեն հայկական ավանդական խոհանոցն ու ժամանակակից համերը։
COAF Fest-ի նպատակն է Լոռին ոչ միայն հեռանկարային վայր դարձնել տեղի եւ օտարազգի զբոսաշրջիկների համար, այլեւ հարթակ տրամադրել մարզաբնակ արտադրողներին՝ խթանելու նրանց բիզնեսի հանրայնացումն ու զարգացումը։
«Շահույթ չհետապնդող փառատոն է, որի ընթացքում միայն գումարի նվիրաբերություն է լինելու՝ Արցախի Երեխայի եւ ընտանիքի կենտրոնին օգնելու նպատակով։ Այսինքն՝ շահույթը կրկին ՔՈԱՖ-ի գործառնություններին է գնալու»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց ՔՈԱՖ-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նանա Մարդոյանը։ Փառատոնը բացվելու է 13։00-ին։ Մուտքն ազատ է։
Լոռու մարզի զբոսաշրջային ներուժը բացահայտելուն եւ խթանելուն ուղղված «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» ծրագրի մաս կազմող COAF Fest արվեստի, արհեստի եւ երաժշտության տոնն անցկացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի աջակցությամբ։