Հայաստանում 2023-ի առաջին կիսամյակում Քննչական կոմիտեի քրեական վարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 825 միլիոն դրամի գույքային վնաս։ Նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 միլիարդ 735 միլիոն 98 հազար ՀՀ դրամի չափով վնաս։
Իրավապահները վերականգնել են պետությանը պատճառված 2 միլիարդ 022 միլիոն 936 հազար դրամի, համայնքների՝ 31 միլիոն 374 հազար դրամի, իրավաբանական անձանց՝ 136 միլիոն 309 հազար դրամի, ֆիզիկական անձանց 544 միլիոն 479 հազար դրամի վնասը։ Ընթացիկ տարում շուրջ 3 միլիարդ 400 միլիոն դրամ էլ փաստացի վերականգնվել է առանձին ավտոներկրող կազմակերպություններից:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հավելել են, որ 2022-ի ընթացքում վերականգնված ընդհանուր գույքային վնասը 1 միլիարդ 705 միլիոն դրամ է։ 2023-ի առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը, համայնքներին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատճառված վնասի շուրջ 60,5%-ը։
2023-ի առաջին կիսամյակում ավարտված եւ ընթացիկ վարույթներով միայն ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության քննության գլխավոր վարչությունը վերականգնել է պետությանը պատճառված 9 միլիարդ 690 միլիոն դրամի վնասը։