Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում Կարմիր Մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոեւը հայտարարել է, որ Աղդամում սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին՝ «պայմաններ ստեղծելու բեռների առաքման համար»: Ըստ «Ազատության» ՝ ադրբեջանական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի սպային տեղեկություն է տրվել իրենց նպատակի մասին։ Նա իր հերթին դրա մասին զեկուցել է իր հրամանատարին: Հավելել է, թե իրենց հայտնի չէ՝ երբ կլինի արձագանք:
Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարներն Աղդամ են հասել մի քանի ժամ առաջ: Ըստ ադրբեջանական APA գործակալության` Կարմիր Մահիկի ներկայացուցիչները ճանապարհին վրաններ են տեղադրում:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, օգոստոսի 28-ին ավելի վաղ մեկնաբանելով Աղդամով մարդասիրական օգնություն ուղարկելու Բաքվի քայլը, հայտարարել է, որ դրա վերաբերյալ արցախյան կողմի հետ որեւէ պայմանավորվածություն չի եղել:
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ Արցախի Ասկերանի շրջանի բնակիչները ներկա պահին դեպի Աղդամ տանող ճանապարհի այս կողմում ցույց են անում: Նրանց ասելիքը միակն է՝ ադրբեջանական կողմի Աղդամով ուղարկած ադրբեջանական բեռն իրենք չեն ուզում։
ԱԺ Իմ քայլը խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնել է, որ Արցախի հայերը փակել են Աղդամի ճանապարհը՝ մերժելով Ադրբեջանի «հումանիտար» օգնությունը: «Այս մարդկանց արժանապատվության գիտակցումից, համառության զգացողությունից ու Ադրբեջանի քաղաքական նպատակների գիտակցումից շատ չէ՝ մի 10% գնար որոշում կայացնողներին կպներ, հիմա այս վիճակը չէինք ունենա…»,-ֆեյսբուքյան իր գրառմանմեջ շեշտել է Հայրապետյանը:
Նա հայտնել է նաեւ, որ Աղդամի ճանապարհը փակած արցախցիները ստուգել են ռուս խաղաղապահների մեքենան ու ադրբեջանցի են հայտնաբերել, որին անհասկանալի պատճառներով ռուսները փորձում էին ներս անցկացնել: