Կարտոֆիլի սերմարտադրությամբ ամբողջ աշխարհին հայտնի հոլանդական «Ագրիկո» ընկերության համագործակցությունը Հայաստանի հետ երեքուկես տասնամյակի պատմություն ունի:
1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցելու նպատակով Հոլանդիայում աղետի գոտու օգնության կոմիտե հիմնվեց: Առաջին գործը, որ Հայաստանում արեց կոմիտեն 1990-ականների սկզբին, չորս դպրոց վերանորոգելն էր, բայց Հոլանդիայում ավելի մեծ գումար էր հավաքվել, քան նախատեսված էր:
Նախաձեռնության հիմնադիրներից Կորյուն Հովակիմյանն ասում է՝ նախընտրել են հավաքված գումարով որակյալ սերմացու բերել Հայաստան:
«Ավելի լավ էր ձուկ բռնել սովորեցնեինք, քան միշտ կախվածության մեջ պահելով եւ «օգնություն» որակելով՝ հանրությանը պարբերաբար «ձուկ» տայինք,- աում է Հովակիմյանը եւ հավելում,- նեղության մեջ գտնվող հայրենակիցներին սերմ մատակարարելով՝ մի քանի խնդիր էինք լուծում. մարդիկ հող մշակելով եւ բարիք ստեղծելով կկապվեին հարազատ հողին, կհաղթահարեին արհավիրքի հետեւանքով առաջաացած դժվարությունները»:
Ընկերությունն առաջին անգամ 60, հաջորդ հինգ տարիներին էլ 3500 տոննա առաջին եւ երկրորդ վերարտադրության սերմ է բերել Հայաստան եւ անվճար տրամադրել գյուղացիական տնտեսություններին: «Ուրախությամբ փաստեցինք, որ հասել ենք մի տեղ, երբ հայ կարտոֆիլագործները հունի մեջ են, սովորել են մշակության գաղտնիքներն ու նրբությունները: Որոշեցինք, որ սերմն արդեն ներկրելու ենք կոմերցիոն հիմունքներով: Այդ օրվանից հայ հողագործը օգնություն ստացողից դարձավ հոլանդական ամենահեղինակավոր ընկերություններից մեկի գործընկերը»,- ոգեւորված պատմում է Կորյուն Հովակիմյանը:
Գործընկերական հարաբերություններն ավելի են ամրացնում «Ագրիկո» ընկերության ղեկավարության եւ հայ գյուղատնտեսների ամենամյա փոխայցելությունները:
Ընկերության սերմերի եւ բերքի ավանդական դարձած ցուցադրության այս տարվա հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին Շիրակի մարզում: Միջոցառմանը ներկա էին հայ-հոլանդական ընկերության Հայաստանի եւ Հոլանդիայի ղեկավարությունն ու պաշտոնական ներկայացուցիչները եվրոպական մի շարք երկրներից, մարզային իշխանության ներկայացուցիչներ, բազմաթիվ գյուղատնտեսներ եւ հյուրեր:
Ցուցադրության բացման հանդիսության սկզբում «Ագրիկո» ընկերության գլխավոր տնօրեն Յան Ֆանհոխանն ասաց, որ շուրջ 80 երկրների կարտոֆիլ եւ կարտոֆիլի սերմ մատակարարող Հոլանդիան սիրով է համագործակցում հայ գյուղատնտեսների հետ, ապագայում էլ նախատեսում են ավելի խորացնել համագործակցությունը:
Ընկերության ներկայացուցիչ Կորյուն Հովակիմյանը ողջունեց ներկաներին եւ տեղեկացրեց, որ ամեն տարի սերմերի 10-12 տեսակ էին փորձարկում, այս տարի կրկնապատկել են՝ հասցնելով 24-ի:
Միջոցառման ընթացքում ընկերության գործընկերները վաստակած հանգստի ուղարկեցին «Ագրիկոյի» արտահանման գծով ղեկավար Յան Դեքերին, որը Հայաստանի հետ համագործակցության ակունքներում է եղել:
Նա ասաց, որ հրաժեշտ է տալիս աշխատանքին, բայց Հայաստանն ու գործընկերներին երբեք չի մոռանա: Ըստ նրա՝ հոլանդական տեխնոլոգիայով եւ Հայաստանի հող ու ջրով հրաշալի արդյունքներ են գրանցել:
Յան Դեքերին փոխարինելու էր եկել Մարտին Դեքերը, նա փաստեց, որ եկել է մի տեղ, որտեղ ձեւավորված պատմություն ու ջերմ համագործակցություն կա:
«Ապագայում ինձ մնում է պահպանել ու ավելի ջերմացնել ստեղծված հարաբերությունները»,- նշեց նա:
«Ագրիկո» ընկերության երկարամյա գործընկեր, գյուղատնտես Վարդան Ղազարյանը գոհ է նոր սերմնատեսակների բերքատվությունից:
Ասում է՝ տարեցտարի ավելի են կատարելագործվում, իրենք բույսին են լավ հասկանում, բույսն էլ՝ իրենց: Ընկերությունից ոչ միայն սերմեր են ստանում, այլեւ ագրոգիտելիքներ, փորձ, գյուղատնտեսական գործիքներ ներկրելու հնարավորություն: Ղազարյանն արդեն փորձի փոխանակման ծրագրերով հասցրել է հինգ անգամ այցելել Հոլանդիա, նոր գիտելիք ու փորձառություն բերել Շիրակ:
Այս տարվա նոր սերմնատեսակները փորձառու ֆերմերը շատ է հավանել, ասում է՝ հենց շրջանառվեն, անպայման կմշակի. ե՛ւ տեսքը, ե՛ւ համային հատկանիշնեը գոհացնող են:
Հունան Պետրոսյանին Շիրակում նույնպես ճանաչում են որպես փորձառու եւ բանիմաց գյուղատնտեսի: Ագրիկոյի հետ երկար տարիների համագործակցության ճանապարհ է անցել: Որքան էլ փորձել է այլ ընկերությունների հետ համագործակցել, միեւնույնն է, ցանքատարածությունների 90 տոկոսը «Ագրիկոյի» սերմերով է մշակում:
Հայ հողագործներն արդեն վստահաբար պնդում են, որ այժմ Հայաստանում ունենք կարտոֆիլի բերքատվության այնպիսի ցուցանիշ, որը երբեք չի գրանցվել խորհրդային տարիներին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։