2001 թվականի հունվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով հիմնվեց Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ, որն ուղղված էր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած մասնագետներին խրախուսելուն, այդ ոլորտները զարգացնելուն:
Նախագահի մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում էր սփյուռքում հիմնված «Պողոսյան» հիմնադրամը։ Իբրեւ օրինակ ունենալով Նոբելյան մրցանակը՝ հիմնադրամի ներկայացուցիչներ Ժան եւ Ալբերտ Պողոսյանները Նախագահի մրցանակը համարել են իրենց ներդրումը Հայաստանի զարգացման գործում:
2005 թվականին Պողոսյանները հիմնեցին մրցանակի եւս մեկ անվանակարգ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց եւ կազմակերպությունների համար։ Այս անվանակարգով ամեն տարի տրվում էր երկու մրցանակ. մեկը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ ծագումով հայի, մյուսը՝ օտարազգի գործչի կամ կազմակերպության։
2019 թվականին մրցանակակիրներ են եղել ֆրանսաբնակ քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը եւ ֆրանսիացի պատմաբան Վինսենթ Դյուկլերը: Վերջինս ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարված այլ հանցագործությունների մասին հետազոտությունների հեղինակ է, հանդես է եկել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին ելույթներով։ Մասնավորապես հայտնի են նրա «Ֆրանսիան աշխատում է մարել պարտքը հայերի հանդեպ՝ նրանց փրկելու բոլոր հնարավոր ջանքերը չգործադրելու համար» խոսքերը:
Տարբեր տարիների մրցանակը տրվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, «Ակոս» թերթի խմբագիրներից Բագրատ Էստուքյանին, թուրք իրավապաշտան, հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուին, ամերիկացի հոգեբան, ցեղասպանագետ Իսրայել Չարնիին եւ այլոց։
2006-ին մրցանակն առաջինը ստացել են ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը՝ «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունը» մենագրության համար, եւ գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթը՝ Հայոց ցեղասպանության մասին «Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար:
Մրցանակակիրների ամբողջական ցանկն՝ այստեղ:
Ալիք Մեդիա — 2020-ի նոյեմբերին 17-ին «Պողոսյան» բարեգործական հիմնադրամը հայտարարել է 2021 թվականին ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ Մրցանակի հետագա ճակատագրին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։