Ադրբեջանցի սահմանապահների՝ հայ ուսանողների առեւանգելու պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է եւ անհիմն, քանի որ Երեւանի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետեւանքն է»,- ասել է նա։ Ըստ Զախարովայի` դա արձանագրվել է 2022-ի հոկտեմբերին եւ 2023-ի մայիսին ԵՄ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին։ Դրա մասին հստակ ասված է ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակի առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ ՌԴ խաղաղապահների խնդիրը ստեղծված նոր պայմաններում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման գործում աջակցություն ցուցաբերելն է, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում։ «Պետք է զբաղվենք պայմանավորվածությունների կատարմամբ, սա է երաշխիքը։ Եթե ինչ-որ բան համաձայնեցված է, ավելին` ամենաբարձր մակարդակով ստորագրություններով կնքված, պետք է իրականացվի, այլ ոչ թե նոր բաներ հորինվեն` երրորդ, հինգերորդ, տասներորդ կողմի ներգրավելով»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը եւ հավելել, որ հենց սկսվում է պայմանավորվածությունների կատարման խաթարումը, երաշխիքները կորչում են։