Ադրբեջանն արգելափակել է դեպի Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռների մուտքը։ Օգոստոսի 30-ին Փարիզի եւ Ֆրանսիայի մի շարք խոշոր ռեգիոններից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները Երեւանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղեւորվելու համար: Ֆրանսիական հումանիտար օգնության առաջին բեռնատարը հայաստանյան հումանիտար բեռնատարների շարասյանն էր միացել Կոռնիձորում դեռեւս օգոստոսի 9-ին։
Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն Գորիսում ասուլիսի ժամանակ դատապարտել է Ադրբեջանի այս քայլը եւ միջազգային հանրությանը կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացումը դադարեցնելու համար։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ հումանիտար բեռներով 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը:
Արցախի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի ճանապարհը թույլ կտա օգտագործել միայն Աղդամ-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի բացվելուց հետո։