ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ քննարկվել են ղարաբաղյան իրավիճակի շուրջ հարցերը: Արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում մնում է կայուն եւ հանդարտ:
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների, դրանց թվում` էներգետիկ ոլորտի շուրջ:
Կրեմլը նշել է, որ Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Հայաստանում հունիսին կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ տիրող ներքաղաքական իրավիճակը:
Մինչդեռ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը:
Մասնավորապես կարեւորվել է 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց փոխանակմանը: