Հայաստանյան բանկերից մեկն էլ հրաժարվեց ռուսաստանյան բանկային «Յունիստրիմ» համակարգի միջոցով փոխանցումներ անելուց: Մասնավորապես, հայաստանյան «Ակբա» բանկը օգոստոսի 31-ին բանկի համապատասխան ստորաբաժանումից սեպտեմբերի 1-ից «Յունիստրիմ» համակարգի հետ համագործակցությունը դադարեցնելու հրահանգ է ստացել:
Բանկի աշխատակցուհին, որը չցանկացավ ներկայանալ, հայտնեց, որ «Յունիստրիմ» դրամական փոխանցման համակարգից հրաժարվելու հիմնական պատճառը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները չշրջանցելու եւ ավելորդ գլխացավանքից խուսափելու բանկի ձգտումն է:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին հրապարակված ամերիկյան պատժամիջոցների նոր ցանկում ռուսական ֆինանսական 5 ընկերությունների շարքում էր նաեւ «Յունիստրիմը»: Որոշումը նկատելիորեն բարդացրել է այդ համակարգով Ռուսաստանից արտերկիր գումար ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի վերջին գումար փոխանցելու կամ ստանալու համար իրենց հաճախորդներին այլ համակարգերից օգտվելու առաջարկ արեցին նախ Կոնվերս բանկը, ապա՝ Ինեկոբանկը: «Յունիստրիմ» ընկերությունը, որի համահիմնադիրներից է հայազգի Գագիկ Զաքարյանը, հուլիսի 20-ին հայտարարել էր, որ հակառակ արեւմտյան պատժամիջոցներին՝ իրենք գործընկների հետ աշխատանքն անխափան շարունակելու լուծումներ են մշակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միայն 2022-ին Ռուսաստանից Հայաստան փոխանցումները եղել են ավելի քան 3 միլիարդ 600 միլիոն դոլար։