Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ Թուրքիայի նախագահին առընթեր Հաղորդակցության բաժանմունքն այս օրերին կազմակերպել է հայկական ահաբեկչական կազմակերպությունների կողմից նահատակված թուրք դիվանագետների հիշատակին նվիրված ցուցահանդես։ Թերթն ընդգծում է, որ ապրիլի 24-ին, երբ ամբողջ աշխարհի հայերը վերհիշում են Մեծ եղեռնը, Հաղորդակցության բաժանմունքն էլ զուգահեռաբար կյանքի է կոչել այս նախաձեռնությունը։
Նահատակ դիվանագետների ցուցահանդեսը միաժամանակ բացվել է Լոս Անջելեսում եւ Ստամբուլում։ Լոս Անջելեսի ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ ապրիլի 26-ը։ Ստամբուլի ցուցահանդեսը կազմակերպվել է Սիրքեճիի պատմական կայարանում եւ բաց կլինի մինչեւ մայիսի 30-ը։
Այս առթիվ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ մատնանշված է, որ պարբերաբար եւ կազմակերպված ահաբեկչական հարձակումների են ենթարկվել լավ պատրաստված պետական այն պաշտոնատարները, որոնք աշխարհում ներկայացնում էին Թուրքիան։
Ցուցահանդեսի այցելուները կդիտեն արհեստական բանականությամբ պատրաստված թեմատիկ տեսանյութեր։
«Ժամանակ» օրաթերթը նշում է, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են նաեւ այն աշխատանքները, որոնք Թուրքիան տանում է 1915 թվականի դեպքերի բացահայտման եւ ճշմարտության ի հայտ բերման ուղղությամբ։
Մեր կողմից հիշեցնենք, որ այս տարվա մարտին Լոս Անջելեսի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշում էր ընդունել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանին 1982-ին սպանած Համբիկ Սասունյանի վերաբերյալ։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի գրասենյակն էլ Հայ ազգային կոմիտեին հայտնել էր, որ այլեւս չի բողոքարկելու դատարանի որոշումը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ հիասթափված է դատարանի ընդունած որոշումից։ Ավելին՝ Պետդեպը եւս մեկ անգամ ցավակցել էր մոտ 40 տարի առաջ սպանված դիվանագետի ընտանիքին եւ Թուրքիայի ԱԳՆ գործընկերներին կորստի կապակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ դիվանագետի վրա հարձակումը ոչ միայն ծանր հանցագործություն է անձի դեմ, այլեւ գրոհ դիվանագիտության վրա:
Նա հավելել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ դիվանագետ սպանողը պետք է արժանանա առավելագույն պատժի եւ պատիժը կրի առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։
Համբիկ Սասունյանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից վրեժ լուծելու նպատակով այդպես էլ չհայտնաբերված հանցակցի հետ գնդակահարել էր Արիկանին ու դատապարտվել ցմահ ազատազրկման։