Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թվիթերի եւ Ֆեյսբուքի իր էջերում զետեղել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հայերեն իր ուղերձը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների եւ փախստականների հետ է, որոնց ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, եւ որոնց ժառանգները կերտեցին Ֆրանսիան։ «Մենք երբեւէ չենք մոռանա»։
«Ինչպես եւ հանձն էի առել, 2019 թվականից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր, ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ»,- նշել է Էմանուել Մակրոնը։
Հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը եւ ապրողների հիշողությունը հարգելը Ֆրանսիայի պարտքն են՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։
Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ պատմության ընթացքում հայերի կողքին հանձնառու լինելով՝ Ֆրանսիան նաեւ հանձնառու է ապագայի հանդեպ, երբ Հայաստանն անցել է տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն հեղվեց։
«Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման եւ հաշտության էջ։ Հանուն արդարության եւ ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է եւ կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է»,- նշել է Ելիսեյան պալատի առաջնորդը։
«Տխրության, բայց նաեւ հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային եւ Հայաստանին միավորում են բարեկամությունը եւ եղբայրությունը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը՝ խոստանալով պայքարել Հայոց ցեղասպանության ժխտման դեմ:
«Մենք պետք է միասին պայքարենք ժխտողականության, ատելության ու բռնության դեմ,- գրել է նա՝ հավելելով,- հայ եւ ֆրանսիացի ժողովուրդները փոխկապված են հավերժ»։