Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առեւտրաշրջանառությունը ազգային եւ բարեկամական արժույթներով 2023-ին կհասնի 90 տոկոսի։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անցյալ տարի այդ ցուցանիշը 76 տոկոս է եղել։ Նախարարն ավելացրել է, որ ԵԱՏՄ նախագծերի իրականացումը չպետք է կախված լինի միջազգային տնտեսական կապերի սպասարկման մեխանիզմներից, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների կողմից, եւ դոլարը, եվրոն ու իենը անվստահելի արժույթներ է անվանել:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ ներկայում Ռուսաստանն ամերիկյան եւ արեւմտյան պատժամիջոցների գլխավոր օբյեկտն է, քանի որ իրեն ինքնաբավ է պահում, ինքնուրույն, իսկ վաղը կարող է մեկ ուրիշը լինել, եւ անհասկանալի է, թե ինչի համար է պատիժը: Ըստ Լավրովի՝ այլընտրանքային վճարային համակարգերին ու հաշվարկային մեթոդներին անցնելու միտումն անշրջելի է, քանի որ երկրները պետք է իրենց պաշտպանեն ամերիկյան կամայականություններից: