Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարեւորել է «Հունաստանի եւ Հայաստանի ժողովուրդների համար, որոնք միմյանց կապված են դարերի պատմություն ունեցող կապերով եւ դժվարին պայմաններում ձեւավորված բարեկամությամբ»:
«Մենք մշտապես պետք է զգոն լինենք: Եվ թող մեր խոսքերին ուղեկցեն գործողություններ, որոնք կանխում են խտրականությունը, ատելությունն ու բռնությունը»,- նշել է Հունաստանի վարչապետը։
Հունաստանը չի մոռանում հայ ժողովրդի տառապանքների, ինչպես նաև այդ ճակատագրին արժանացած պոնտացի հույների և Օսմանյան կայսրության բազմաթիվ այլ բնակիչների մասին, հայտարարել է Կիրիակոս Միցոտակիսը հունահայ համայնքին հղած ուղերձում։
«1915 թվականի հանցագործությունից 106 տարի անց մարդկությունը չի մոռանում մի ամբողջ ժողովրդի ոչնչացման մասին։ Դա զանգվածային ու միտումնավոր հանցագործություն էր, որն իրականացվեց, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Առաջին համաշխարհային պատերազմի վրա»,- գրել է Հունաստանի վարչապետը։
Միցոտակիսն ընդգծել է, որ միայն խաղաղ համակեցությունն է ժողովուրդներին առաջ տանում՝ նրանց բազմազանությունը վերածելով փոխադարձ հարստության։