Աշխատանքի բերումով երկար տարիներ Արցախի կարեւորագույն երկու՝ անկախության (02.09) եւ հաղթանակի (09.05) տոներին եղել եմ Ստեփանակերտում։
Զորահանդեսներ, քաղաքացիական շքերթեր, խոնարհում պատերազմում զոհվածների շիրիմներին… Տարեցտարի աճող ոգեւորություն եւ վստահություն, որ հաղթանակն ու անկախությունն անշրջելի են։
Վերջին անգամ մայիսյան «եռատոնի» օրը (արցախցիներն այսպես էին կոչում մայիսի 9-ը) Ստեփանակերտում եղա 2016 թվականին։ Քառօրյա պատերազմի ավարտից անցել էր մոտ մեկ ամիս։ Շքերթը չուներ նախորդ տարիների մասշտաբն ու հմայքը։ Մասնակիցները մի քիչ տխուր ու տագնապած էին։
Նախորդ երեկոյան Արցախի հեռուստատեսության եթերում ինձ անհայտ մեկը խոսում էր եւ ասում. «Քառօրյան ցույց տվեց, որ Ադրբեջանը վախենում է մեզնից»։
Շքերթից հետո, թեեւ լրագրության այդ ժանրը չեմ սիրում, որոշեցի փողոցում հարցազրույցներ անել ստեփանակերտցիների հետ եւ, տպավորված նախորդ օրվա լսածից, տալ հետեւյալ հարցը. «Ձեր կարծիքով, Ադրբեջանը վախենո՞ւմ է Արցախից»։
Պատասխանները չեմ մեկնաբանում, դրանք ներկայացված են «Արցախ 2016. No Comment» տեսանյութում։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։