Տեսնես մի տասը տարի առաջ Աբրահամ Գասպարյանի մտքով կանցնե՞ր, որ մի օր «Հայաքվեի» անդամ է դառնալու։ Բայց կարեւորը դա չէ։ Կարեւորը հիմնական դարդը հասկանալն է. Արցախը տանուլ տալը նրան (նրանց) զրկելու է խոսելու իրավունքից։
Իսկապես, հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր մարդիկ կան՝ համապատասխան լսարաններով, որոնք չեն պատկերացնում իրենց գոյությունն առանց Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի մասին խոսելու։
Շուրջ երեսուն տարի՝ 1991 թվականից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը, Արցախը մերն էր. դե, գնալ-գալ, հայկական անձնագիր, հայկական դրամ եւ այլն։ Բայց երեք տասնամյակի ընթացքում ինչ-որ չեմ հիշում, որ մեկնումեկը բարձրացրած լիներ Արեւմտյան Հայաստանի կամ Նախիջեւանի հարցը։
Ուրիշ բան, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանություններն այնքան վտանգավոր էին, որ Նախիջեւանը համր չեզոքություն էր պահպանում, իսկ Թուրքիան պարտքով հացահատիկ էր մատակարարում Ադրբեջանի դեմ կռվող Հայաստանի Հանրապետությանը։
Եվ ի վերջո, եթե նզովյալ լինելու հարց կա, «մի քանի սերունդ» Հայաստանում նզովվել ու նզովվում է պետության ձեռքբերումները [ճիշտ] չգնահատելու մեղքի համար։