2023 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի միացյալ ընդդիմությունը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց՝ նվիրված Արցախի անկախության օրվան։
Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աերոմոնիտորինգի տվյալների՝ հանրահավաքին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ։
«Ալիք Մեդիան» առանձնացրել է հանրահավաքի բանախոսներից մի քանիսի ելույթներից եւ հրապարակում լրագրողներին տված հարցազրույցներից հատվածներ եւ սեփական մեկնաբանություններով փորձել կառուցարկել արդի հայ քաղաքական միտքը։
Միջնորդ երկիրը կամ միջազգային կազմակերպությունը լսում է Իշխան Սաղաթելյանի ելույթն ու ընկնում տարակուսանքի մեջ. «Լավ, բա ո՞ւմ հետ բանակցեմ, ահագին խնդիրներ կան՝ Արցախի շրջափակում, ՀՀ տարածքի օկուպացիա, անվտանգություն եւ այլն»։
Եվ տարակուսանքի մեջ վերցնում է հեռախոսն ու զանգում ՀՅԴ ԳՄ. «Ալո, Իշխանին կարելի՞ է»։ «Կներեք, ընկեր Սաղաթելյանը հիմա հանրահավաքի է Ազատության հրապարակում»,- լսվում է քարտուղարուհու քնքուշ ձայնը։ «Իսկ, չեք հուշի՞, Հայաստանի հետ բանակցելու համար ո՞ւմ կարող եմ զանգել»։ «Երեւի մի քիչ ուշ զանգեք, կամ մենք հետ կզանգենք»,-ասում է քնքշաձայն քարտուղարուհին։
Միջնորդ երկիրը կամ միջազգային կազմակերպությունն անջատում է հեռախոսն ու մտածում, որ պատասխանողը երեւի ռոբոտ էր։
Նախ ասենք, որ 2021 թվականի ԱԺ ընտրություններին Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգված չի մասնակցել, եւ, ուրեմն, մենք չգիտենք նրանց կարծիքը։
Նրանք, ովքեր չեն ընտրել ներկա իշխանությանը, ընտրել են ներկա ընդդիմությանը, իսկ նրանք, ովքեր ընտրել են ներկա իշխանությանը, իրենց ընտրությունը բացատրում են նախկինների վերադարձի հանդեպ ունեցած վախով։
Այդ նախկիններն էլ հիմա դարձյալ ընդդիմություն են։ Փակ, անհանգուցելի շրջան է։ Ինչ պետք է արվի՝ պարզ չէ։
Նիկոլենք խելք ունենան, մի հնարքով նորից ընտրություններ կկազմակերպեն եւ, այս ընդդիմության վրա հենվելով, կմնան մինչեւ 2029 թվականը։ Ա՛յ, դա կլինի իսկական հայաքվե։
1994-2001 թվականները չհաշված՝ Արցախի հետ երբեւէ բանակցող չի եղել։ Այդ 6-7 տարում էլ ոչ թե բանակցել, այլ կարծիք են հարցրել, քանի որ 1994-ի ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ Արցախը ճանաչվել էր բանակցությունների կողմ։
Բանակցությունների սեղանի մոտ այդ կողմը կարող էր նստել, եթե նրա ռազմաքաղաքական վերնախավը չտորպեդահարեր 1997-ի կարգավորման պլանը եւ ընդուներ դրա տարբերակներից մեկը։
Պատմական համառոտ տեղեկանքից հետո փորձենք վերլուծել պատգամավորի միտքը։ Մի կողմից ասում է՝ «ո՛չ Արցախի հետ բանակցող կլինի, ո՛չ լսող կլինի», մյուս կողմից առաջին հոգնակի դեմքով ուրվագծում ստորացուցիչ հեռանկարը՝ «…գլուխներս կախ գնանք բանակցությունների ու ստորագրենք…»։
Հայերս՝ որպես դասական համաշխարհային ազգ, ոնց ձեւակերպում ենք մեր խնդիրները, ստացվում է մեեե՜ծ Հայաստան։ Սեւրի դաշնագիրը՝ վկա, Վուդրո Վիլսոնի ականջն էլ կանչի։
Հիմա պատկերացրե՛ք՝ այդ ձեւակերպումը ձեռքին ՀՀ որեւէ ԱԳ նախարար գնում է Ամերիկա եւ ասում՝ խնդիրս սա է, դաշնակից կդառնա՞ս։ Հետո գնում է Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան եւ շատ այլ տեղեր։ Նրան լսում են (եթե լսում են) եւ ասում՝ «չէ՛, ախպե՛ր, մի քիչ մեծ ես վեկալել, գնա ձեւակերպումդ փոխի»։
Իսկ եթե Վազգեն Մանուկյանը՝ որպես խնդրի ձեւակերպում, նկատի ունենար Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ ազնիվ ու արժանապատիվ խոսելը, սեփական շահերը [վերմակի չափով] ներկայացնելը, դաշնակից փնտրելու կարիք չէր լինի։ Բոլորն են նույնն ասում։
Գայթակղությանը չդիմանալով՝ մի միտք էլ մեջբերենք Վազգեն Մանուկյանի ելույթից.
«Ես այդքան լուրջ չէի վերաբերվում հռչակագրին, ինչքան հիմա եմ վերաբերվում, որովհետեւ ես տեսնում եմ, որ կյանքը ցույց տվեց, որ այդ հռչակագիրը շատ կարեւոր փաստաթուղթ էր, երբ մի փաստաթղթի մեջ կապվեց Արցախը Հայաստանին, Հայաստանի ներսի արդարությունը, ժողովրդավարությունը, ցեղասպանությունը, ամեն ինչ մտավ մեջը»։
Սա ասում է մեկը, ով 1990 թվականի օգոստոսի 23-ին, երբ ընդունվում էր անկախության հռչակագիրը, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր էր եւ նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ)։
Որ ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն ինչ-որ ժամանակ լուրջ չի վերաբերվել անկախության հռչակագրին, մի կերպ մարսում ենք, բայց որ դիտորդի դիրքից (Փաշինյանի պես) է խոսում, մնում է փաստել, որ «սաղ Լեւոնն ա մեղավոր»։
Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակում ելույթ չի ունեցել, բայց պատասխանել է լրագրողների հարցերին եւ, մեկնաբանելով Շառլ Միշելի հայտարարությունը, թյուրիմացության մեջ է գցել հանրությանը։
Բանն այն է, որ Շառլ Միշելը 2023 թվականի հուլիսի 15-ին բառացիորեն ասել է հետեւյալը. «Այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաեւ այսօրվա լարվածության լույսի ներքո»։ Խիզախություն նա ակնկալում է ոչ թե Արցախից, այլ Ադրբեջանից եւ Հայաստանից, որոնց հետ բանակցում է։ Բայց Սերժ Սարգսյանը նախապես զգուշացրել է, որ «Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բան ընկալում է յուրովի»։
Իսկ հարցին, թե ինչու է հասարակությունը պասիվ, չի միանում իրենց ցույցերին, երրորդ նախագահը պատասխանել է․
«Ես կասկած չունեմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ մենք պիտի ունենանք պետություն, Արցախը պիտի շարունակի գոյություն ունենալ եւ զարգանալ ու հզորանալ։ Ձեր հարցին, թե արդյոք առկա է բավարար էներգետիկա՝ փոփոխությունների հասնելու համար, թույլ տվեք պատասխանել, որ՝ միանշանակ այո՛, եւ բոլոր թերահավատներին խոստանալ, որ մոտ ապագայում իրենք դա կկարողանան տեսնել»։
Չնայած Սերժ Սարգսյանի [էներգետիկայի գծով] լավատեսությանը՝ Արթուր Վանեցյանը «թոզմիշ» է անում ընդդիմության ապագա նվաճումները։
Ենթադրենք՝ նրանք գալիս են իշխանության եւ ասում են՝ հե՜յ, հարեւաննե՛ր, միջազգային հանրություն, ուշադի՛ր եղեք, մենք ոչ մի բան չենք տալու, որովհետեւ ապրում ենք հոշոտիչ տարածաշրջանում։
Ի՞նչ է լինելու հետո։ Հնարավո՞ր են արդյոք արտաքին հարաբերություններ, դիվանագիտություն, բանակցություններ, երբ դու էն գլխից զգուշացնում ես, որ ոչինչ չես տալու։
Ոչինչ չտալը յուրաքանչյուր պետության նպատակն է եւ ցանկացած բանակցողի ուղեղի մութ ծալքում պահված գաղտնի միտքը։ Կարո՞ղ ես, ոչինչ չտալով՝ մի բան ստացիր։ Բայց այդպես չի լինում։ Անգամ ձմերուկ առնելիս ես մի բան տալիս։
Ինչպես տեսել ու տեսնում ենք, 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած՝ «Նիկոլն այստեղ գոյություն ունի» բացառապես ընդդիմության գործողությունների շնորհիվ։ Եթե ընդդիմությունը, որն, ըստ էության, նախկին իշխանությունների եւ ձախորդ մարդ-կուսակցությունների կոնգլոմերատ է, գոյություն չունենար, հաստատ առաջ կգար նոր ուժ, որը «փառքով ու պատվով» նիկոլենց ճամփու կդներ դեպի Նյուրնբերգ։
2021 թվականի մայիսին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր Նիկոլից ազատվելու ճանապարհային քարտեզը։ Հասկացող եղա՞վ։ Ո՛չ։ Հիմա ի՜նչ ասենք, ձեր Նիկոլն ա, մի կերպ յոլա տարեք։