Գետեր, լճեր, սարեր, անտառներ, մաքուր օդ, հարուստ բնություն․․․
Ստեփանավանցիները կարծում են, որ երջանիկ ու ինքնաբավ լինելու համար իրենց քաղաքն ամեն ինչ ունի, բայց զարմացած են, որ սոցիալ-տնտեսական վիճակն այդպես էլ չի բարելավվում։ Երիտասարդները, ինչպես մարզային մյուս քաղաքներից, հեռանում են։
Մեր նկարահանումների ընթացքում հանդիպել ենք տարբեր տարիքի, մասնագիտության ու նախասիրության ստեփանավանցիների, որոնք ներկայացրել են հարազատ քաղաքի հետ կապված մտահոգություններն ու զարգացման հնարավորությունները։
Ստեփանավանցի Գայանե Մելիքյանը արվեստի դպրոցում նկարչություն է դասավանդում, բայց ընտանիքը պահելու համար տիկնիկագործությամբ, ձեռագործ աշխատանքով է գումար վաստակում։ Ամեն բան անում է սիրած գործով զբաղվելու համար։ Չի դադարում սեփական տիկնիկներով թատրոնում մանկական ներկայացումներ բեմադրելու մասին երազելուց։ Գայանեն դստեր օրինակով ներկայացնում է նաեւ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրները։
«Ստեփանավանի զարգացման ծրագրերում զբոսաշրջությունը գերակա ճյուղ է, բայց ոչ բոլոր ուղղություններն են աշխատում, դրանք անգամ տեղացիների համար բացահայտված չեն»,- կարծում է Երեւանից ընտանիքով Ստեփանավան տեղափոխված նորարար տեխնոլոգիաների մասնագետ Ռուբեն Խաչատրյանը։
Նա այստեղ բնակվելու չորս տարիների ընթացքում քաղաքը զարգացնելու բազմաթիվ ծրագրեր է իրագործել։ Ծրագրավորման դասեր է տվել երեխաներին, մասնագիտական կողմնորոշման սեմինարներ կազմակերպել։ Հիմա էլ, իր շուրջը համախմբելով երիտասարդներին, Ստեփանավան քաղաքի զարգացման հիմնադրամ է ստեղծել։
Ռուբենը երիտասարդներին Երեւանից հետ բերելու համար ներդնում է ամեն միջոց եւ վստահ է, որ շատ շուտով իր եւ համախոհների աշխատանքն արդյունք կտա։
«Հրաշալի բնությունն ու մաքուր օդը զբոսաշրջիկին մի քանի օրից ավելի չեն կարող պահել Ստեփանավանում»,- համոզված է մասնագիտությամբ փրկարար Արմեն Առաքելյանը։
Հենց այս պատճառով նա մի քանի տարի առաջ ընկերների հետ հիմնել է «Լոռէ» էքստրիմ պարկը։ Ժամանցի այս վայրը հնարավորություն է տալիս երեխաներին եւ մեծահասակներին անցնելու փորձությունների միջով, ժամանց ապահովելու։
Լրագրող Մարուսյա Բալայանի ֆեյսբուքյան դիմանկարների շարքին շատ ստեփանավանցիներ են սպասում։ Գիտեն՝ հաջորդը կարող են հենց իրենք լինել։ Մարուսյան զարմանում է, թե ինչպես էր ուսանողության տարիներին երազում Երեւանում ապրելու մասին, չէ՞ որ հարազատ քաղաքում շատ անելիք կա, եւ շրջապատը կարեւորում է իր ներկայությունը։
Ոճաբան, վարսահարդար Սամվել Համբարյանը ամենապահանջված մասնագետն է քաղաքում։ Հիշում է՝ հինգ տարի առաջ ընդամենը մի սեղան ու աթոռ ուներ, հիմա` սեփական սրահ եւ հաճախորդների բանակ։ Նա համոզված է, որ քաղաքը զարգացնողը անհատներն են։
Նաիրա Ջաղինյանն էլ աշխատում է կոշիկի ընտանեկան սրահում, որը վաճառում է ամուսնու հիմնադրած ձեռնարկության արտադրանքը։ Նաիրան հպարտությամբ նշում է, որ խանութը հեռավար պատվերներ է ընդունում եւ առաքումներ անում փոստով։
Դիտեք «Ալիք Մեդիայի» «Չերեւան» նախագծի ֆիլմերը, բացահայտեք Հայաստանի քաղաքները նոր դիտանկյունից, իմացեք այնտեղ ապրող մարդկանց երազանքների ու հոգսերի մասին։
«Չերեւան» նախագիծն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ։