Բուլղարիայի Գաբրովո քաղաքում «Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոնի» շրջանակում անցկացվել է գյումրեցի արվեստագետ-զարդագործ Արտակ Թադեւոսյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Արտակ Թադեւոսյանը պարկուճներից, փամփուշտներից ու արկերի մնացորդներից զարդեր է պատրաստում: Երբ նա սկսել է մարդուն կյանքից զրկող առարկան դարձնել կյանք պարգեւող կնոջ արդուզարդ, ինքնատիպ զարդերը կրողները դարձել են խաղաղության կոչ տարածողներ: «Իմ աշխատանքների մեջ դնում եմ հայ մնալու, քրիստոնյա լինելու եւ խաղաղության թեմաները»,- ասում է արվեստագետը:
Գյումրեցի զարդագործը փառատոնի ընթացքում ներկայացրել է նաեւ արցախահայության ներկայիս վիճակն ու անելանելի դրությունը: «Ավելի քան 120 հազար բնակչության հանդեպ ադրբեջանցիները կիրառում են հոգեբանական տեռոր, մարդիկ սովի են մատնված իրենց իսկ տանն ապրելու պատճառով»,- ասել է նա եւ եւս մեկ անգամ խաղաղության կոչ արել:
Արտակ Թադեւոսյանը հանդիպում է ունեցել նաեւ Գաբրովո քաղաքի քաղաքապետի հետ, որն առաջարկել է Գաբրովո-Գյումրի մշակութային կապն ամրապնդել քույր քաղաքներ դարձնելով: Արտակ Թադեւոսյանն առաջարկը հաղորդել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին:
Ի դեպ, բուլղարական Գաբրովո քաղաքը Գյումրու նման հումորի մայրաքաղաք է, որտեղ ամեն տարի հումորի փառատոն է անցկացվում։ Գաբրովցիները հաճախ հանդես են գալիս իբրեւ անեկդոտների կերպարներ (այսպես կոչված՝ գաբրովյան հումոր), որտեղ սովորաբար ներկայացվում են իբրեւ չափազանց ժլատ, ամեն ինչ տնտեսելու ձգտող մարդիկ։ Գաբրովոյում է իր տեսակի մեջ յուրօրինակ Հումորի ու սատիրայի տունը (բուլղար․՝ Дом на хумора и сатирата), որը պարբերաբար հումորային մրցույթներ է կազմակերպում։