Գյումրու համայնքային ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 100-ամյակին։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Տիգրան Թոքմաջյանի դուստրը՝ Արփինե Թոքմաջյանը, որ ցուցահանդեսի համադրողն է, եղբոր որդին՝ գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, արվեստագետներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Լիլիթ Թովմասյանը ողջունել է ներկաներին, ապա անդրադարձել Գյումրիում այս ցուցահանդեսն ունենալու կարեւորությանը, նկարչի գործունեությանը, ոլորտում թողած հարուստ ժառանգությանը․ «Մեզ համար շատ կարեւոր էր ՀՀ նկարիչների միությունից հետո այս ցուցահանդեսը հյուրընկալել Գյումրիում։ Կենդանության օրոք Տիգրան Թոքմաջյանը Գյումրիում անհատական ցուցահանդես չի ունեցել, եւ դրանով իսկ ցուցահանդեսի իրականացումը Գյումրիում կրկնակի կարեւոր էր»։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 13-ը:
Նշենք, որ Տիգրան Թոքմաջյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Ապրել եւ ստեղծագործել է Երեւանում։ 1985 թվականին ստացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ Նրա բնանկարները, պատմական եւ կենցաղային ֆիգուրատիվ կտավները, մեծածավալ բազմաֆիգուր որմնանկարները կարեւոր տեղ են զբաղեցնում 20-րդ դարի հայ կերպարվեստում։ Նկարչի ստեղծագործությունների կենտրոնում հայ մարդն է եւ նրա ինքնությունը կերտող տարրերը՝ հայ ազգի պատմության ճակատագրական իրադարձությունները, մշակույթի կարեւորագույն գործիչները՝ իրենց թողած ժառանգությամբ, եւ բնությունը՝ այն միջավայրը, որտեղ ապրում եւ արարում է հայ մարդը։
Տիգրան Թոքմաջյանի ստեղծագործությունները պահվում են ՀՀ ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Վեհարանում, Հայաստանի նկարիչների միության պահոցում, Պետական եւ մասնավոր այլ հավաքածուներում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում եւ այլուր: