Վերջին մի քանի տարիներին Գյումրին դարձել է զբոսաշրջային ամենապահանջված ու սիրված հասցեներից մեկը։ Որ քաղաքի պատմական միջուկում գտնվող 19-րդ դարի ճարտարապետության վկաները՝ սեւ տուֆե կառույցները, այդչափ գրավիչ էին, անգամ տեղաբնակների համար էր անակնկալ:
Թեեւ այսօր էլ հատկապես Գյումրու կենտրոնը այցելուների պակաս չունի, բայց զբոսաշրջության ոլորտի մասնագետներն ահազանգում են. անցնող մի քանի տարվա զբոսաշրջային տպավորիչ հոսքին այս տարի հաջորդել է աննախադեպ անկումը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ լուրը չափազանցված է: Թեեւ կոմիտեն չունի պաշտոնական թվեր եւ վիճակագրական ստույգ տվյալներ, բայց ըստ իրենց վերլուծությունների՝ Գյումրիում զբոսաշրջիկների թվի անկում չեն նկատում:
Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի պատասխանատու Լիզա Գասպարյանը հակադարձում է կոմիտեի պնդմանը: Հարցնում է՝ ի՞նչն են վերլուծել, ինչի՞ հիման վրա են եզրահանգման եկել: «Մեր պնդումը, թե զբոսաշրջիկների թիվը նվազել է, հիմնված է վաճառքի ծավալների նվազման ստույգ տեղեկության վրա: 2019-2021 թվականների համեմատությամբ 30 տոկոսով պակասել են վաճառքի թվերը»:
Լիզան ցավով է փաստում, որ ամեն անգամ, երբ բարձրաձայնում են խնդիրը, մի քանի օր դառնում են քաղաքի «բայղուշները», իրենց էլ մեղադրում են վատատեսություն տարածելու համար: «Մենք ներսից ու փաստերով ենք խոսում, եւ այն կառույցները, որոնք պետք է դա ընդունեն ի գիտություն եւ փորձեն հարցին լուծում տալ, պատճառների հետեւից գնալ, անտարբեր են կամ մեզ են մեղադրում խնդիրը բարձրաձայնելու համար»,- ասում է Լիզա Գասպարյանը:
«Արաքս» հյուրանոցառեստորանային համալիրի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը եւս փաստում է, որ անցած տարվա հետ համեմատած իրենց մոտ հետնահանջ, իրոք, եղել է, սակայն «աննախադեպ» բառը ավելորդ է համարում: «Մենք բիզնեսի մեջ ենք եւ առաջինն ենք զգում հոսքի պակասը, ուստի առաջարկում ենք համախմբվել եւ ելքեր գտնել,- ասում է Սրտաշյանը եւ հավելում,- նախ սկսենք նրանից, թե ինչպես Գյումրին դարձավ զբոսաշրջային պահանջված հասցե»:
Գործարարն իր հարցի պատասխանն է տալիս. նախ՝ գործարկվեց «Շիրակ» օդանավակայանը, «Պոբեդա» ավիաընկերությունը էժան տոմսերով մտավ շուկա, ու Գյումրին դարձավ տարանցիկ կետ: Այժմ Ռուսաստանը պատերազմի մեջ է, եւ «Պոբեդան» էլ մարդ չի բերում Գյումրի: Ըստ Սրտաշյանի՝ ներքին զբոսաշրջության անկման պատճառը նույնպես Ռուսաստանից է. ռուբլին վերջին մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է մոտ 50 տոկոսով, հետեւաբար պակասել է զբոսաշրջիկի ծախսը: Իսկ թե, իրոք, զբոսաշրջային հոսքը պակասել է, գործարարը դրա պատասխանը գտնելու ամենակարճ ճանապարհն է մատնանշում. հարկային մուտքերով կարելի է հասկանալ՝ կա՞ նվազում, թե՞ ոչ: Իսկ այդ մուտքերը վկայում են՝ կա՛:
Գալով արհեստական թանկացումներին, ինչի մասին վերջերս անընդհատ խոսվում է՝ Սրտաշյանն ասում է՝ թանկացել են ոչ թե գիշերակաց ապահովող կառույցների գները, այլեւ սննդի կետերն ու ռեստորանները: Զբոսաշրջիկներից շատերը Գյումրի գալը նախընտրում էին հենց էժան գների պատճառով: «Եթե առաջ նույն գնով Երեւանում սուրճ էին խմում, այստեղ հաց էին ուտում, հիմա գները լրիվ հավասարվել է մայրաքաղաքայինին»,-վստահեցնում է գործարարը:
Թանկացումներին նպաստել է նաեւ աշխատուժի բացակայությունը: Միանգամից իրար հետեւից բացվեցին սննդի, սպասարկման կետեր, պակասեց աշխատուժը: Դրանով պայմանավորված՝ բարձրացրին աշխատավարձերը եւ, բնականաբար, նաեւ ծառայության գները: Սրտաշյանը որոշել է արտերկրի էժան աշխատուժից օգտվել, այլապես հնարավոր չէ եղած ռեսուրսով աշխատել:
Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը նշում է, որ պետական բազմաթիվ ծրագրեր միտված են հենց զբոսաշրջության զարգացմանը, եթե ոչ անմիջական, գոնե միջնորդավորված կապով: Ճանապարհաշինությունը, լուսավորությունը, պատմական շենք-շինությունների վերանորոգումը ուղղված են հենց դրան: Բադիշյանը չի հերքում, որ զբոսաշրջության նվազում կա, բայց դա բնական է համարում, ասում է՝ գործընթաց է, որը չի կարող անընդհատ աճել, լինելու են նաեւ նվազման փուլեր:
Ոլորտի պատասխանատուն ասում է՝ արդեն մշակել եւ Կառավարություն են ուղարկել 2024-2028 թվականների զբոսաշրջության ռազմավարական պլանը: Ոլորտի զարգացման համար հստակ քայլեր են նախանշված. պետբյուջեով եւ Համաշխարհային բանկի միջոցներով մեծ ծրագրեր են իրականացվելու Շիրակի մարզում: Որպես զբոսաշրջային ուղղություն` երկու բաղադրիչ է առանձնացվել. Գյումրին առանձին՝ որպես պատմաճարտարապետական հարուստ միջավայր, երկրորդը՝ Աշոցք-Ամասիան՝ որպես ձմեռային մարզաձեւերի կենտրոն, ինչպես նաեւ Արփի լիճն իր տարածքով: Ոլորտի զարգացման համար օտարերկրյա ներդրողներ նույնպես ներգրավվելու են:
Ի վերջո կա՞ զբոսաշրջիկների թվի նվազում․ երկու կողմի փաստարկները լսելուց հետո ուղեւորվեցինք Շիրակի մարզի ամենաայցելվող՝ Մարմաշենի վանական համալիր: Հանգստյան օր էր, զբոսաշրջիկների գրեթե չտեսանք:
Զրուցեցինք Սիրանուշի հետ, որ սպասավորություն է անում վանքում, մաքրում տարածքը: Ձեռքի հետ էլ իր ստեղծագործությունները՝ տիկնիկներն ու հուշանվերներն է վաճառում, երբեմն էլ՝ նվիրում զբոսաշրջիկներին:
Հարցրինք՝ նկատում է այցելուների պակաս, ասաց՝ այո: «Անցած տարիների այս օրերին եռակի, քառակի շատ մարդ էր գալիս, հիմա, ինչպես տեսնում եք, նվազել է հոսքը»:
Կոմիտեն է ճիշտ, թե զբոսավարները, նվազել է այցելությունը դեպի Գյումրի, թե ոչ՝ ստույգ ասել ու չափել ոչ ոք չի կարող, բայց որ սրճարաններում եւ ռեստորաններում ախորժակն ուտելուց է բացվել ու լավ է բացվել, հերքել ոչ ոք չի կարող:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։