Մեկ տարում Հայաստանում ամենաշատը թանկացել են ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը` 8.6%-ով, սակայն մեկ ամսվա կտրվածքով դրանց գինն ամենաքիչն է բարձրացել` 0.2%-ով։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2022-ի օգոստոսից 2023-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում գնի բարձրացում ամենից քիչ նկատվել է տրանսպորտի ոլորտում` ընդամենը 0.7%-ով։ Մինչդեռ մեկ ամսվա տվյալներով (օգոստոսին` հուլիսի համեմատ) թանկացումը եղել է 2.5%։ Սպառողական գները մեկ տարում ընդհանուր առմամբ նվազել են 0.2%-ով, մեկ ամսում` բարձրացել 0.1%-ով։ Օգոստոսին հուլիսի համեմատ ամենից մեծ գնանկումն արձանագրվել է մրգի շուկայում` 3.3%-ով, իսկ մեկ ամսում ամենից շատ թանկացել է բանջարեղենը` 3%-ով։
Սննդամթերքի հարցում թե՛ մեկ տարվա, թե՛ մեկ ամսվա կտրվածքով հիմնականում գները նվազել են։ Բացառություն է միայն «հանքային կամ աղբյուրի ջուր» ապրանքախումբը, որը մեկ տարում թանկացել է 4%-ով, մեկ ամսում` 0.1%-ով, «սուրճ, թեյ եւ կակաո» ապրանքախումբը` մեկ տարում 1.9%-ով, մեկ ամսում` 0.2%-ով։ Ամենից շատ էժանացել են յուղերն ու ճարպերը` մեկ տարում 21.6%-ով, մեկ ամսում` 1.5%-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը` մեկ տարում 7.9%-ով, մեկ ամսում` 0.4%-ով։