Եվրասիական միությունում կընդլայնեն ներկրման համար թույլատրված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցանկը, որը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում:
Թույլատրված ապրանքների ցանկը համալրվել է 14 նյութով՝ ցավազրկող միջոցների մի քանի տեսակներ, ափիոնային ցավազրկողներ, անզգայացնող միջոցներ, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված, ինչպես նաեւ հանգստացնող դեղեր: Վերջին շրջանում տարածված ուժեղ թմրամիջոցներն օգտագործվում են նաեւ որպես ցավազրկողներ, բայց բժիշկների ուժեղացված հսկողության ներքո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը հայտարարել է, որ որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովելու ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ վերահսկել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ներմուծումը (արտահանումը):
Դեռ փետրվարին Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել էր Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերելու դեղերի շուկայում վաճառվող Հայաստան անօրինական ներկրված եւ կեղծ դեղերը: Առաջարկվել էր նաեւ բարձրացնել տուգանքի չափերը: Անօրինական ներկրված դեղերի մինչեւ 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք կսահմանվի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում արտոնագիրը մինչեւ 2 ամիս ժամկետով կկասեցվի:
ՀՀ-ում գրանցված է 3500-3600 անուն դեղ: