«Ֆրանսիան այլեւս չի խոսում Արցախի ինքնորոշման մասին, եւ սա Հայաստանի իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին վերջին ամիսների հայտարարությունների ուղիղ հետեւանքն է»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։ Նա շեշտել է, որ Արցախ հումանիտար բեռների տեղափոխման նախաձեռնողը ոչ թե Ֆրանսիայի կառավարությունն է, ինչպես պատկերացնում են շատերը, այլ երկրի տեղական ինքնակառավարման մարմինները, այսինքն՝ քաղաքապետարանները եւ շրջանները։ Չոբոյանը նշել է, որ նախաձեռնության կազմակերպիչներն այնքան էլ հույս չունեին, որ ճանապարհը պետք է բացվեր իրենց համար։ «Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեին, որ ճանապարհը փակ է եւ փակ պետք է մնա, բայց սա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ձեւ էր, որն առայժմ ուղիղ արդյունք չտվեց։ Բայց պետք է նկատել, որ այդ ճնշումն իսկապես գործադրվեց Ադրբեջանի վրա, որովհետեւ Ալիեւը խոստովանեց, որ իր վրա շատ մեծ ճնշում կա։ Եվ սա ճնշման մեկ բաժինն էր»,- նշել է Հիլդա Չոբոյանը։
ՀՀ ներկայացուցիչներն Արցախի հարցը որպես քաղաքական հարց չբարձրացրին
«Արդյո՞ք Ֆրանսիան կկոշտացնի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ» հարցին ի պատասխան ֆրանսահայ հասարակական գործիչն ասել է, որ Ֆրանսիան Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող գործընթացների մասին ճիշտ դիրքորոշումներ հայտնելով հանդերձ, փորձում է որոշ չափով հավասարակշռված քայլեր անել եւ դիվանագիտական միջոցներով լուծումներ գտնել։ Չոբոյանը նկատում է, որ Ֆրանսիայի իշխանություններն, ավաղ, այլեւս չեն խոսում Արցախի հավաքական իրավունքների մասին։ «Խոսում են ժողովրդի, մարդկային իրավունքների մասին, բայց քաղաքական իրավունքների մասին՝ ո՛չ։ Սա Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է, եւ մենք սա շատ հստակ տեսանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ Հայաստանի ներկայացուցիչները Արցախի հարցը որպես քաղաքական հարց չբարձրաձայնեցին։ Նույնիսկ մարդասիրական ճգնաժամից դուրս գալու քաղաքական լուծման մասին չխոսվեց, միայն ճանապարհը բացելու մասին խոսվեց»,- նշել է Չոբոյանը։
Ալիեւը պատրաստ չէ դիվանագիտական լուծումների
Հարցին՝ «Ֆրանսիայի իշխանությունը ի՞նչ նախաձեռնությամբ է խոստացել հանդես գալ, եւ ի՞նչ կփոխի դա ստեղծված իրավիճակում», ֆրանսահայ գործիչը պատասխանել է, որ իր անձնական դիտարկումներով Ալիեւը պատրաստ չէ դիվանագիտական լուծումների, հետեւաբար կարիք չկա մեծ հույսեր կապելու այդ նախաձեռնության հետ։ «Ալիեւն ուզում է ամբողջությամբ տիրանալ Հայաստանի շրջաններին ու Արցախին։ Եվ այս դիվանագիտական գործունեությունն Ալիեւի հետ իսկապես չի գործում»,- նշել է Չոբոյանը։ Նա հավելել է, որ Էմանուել Մակրոնն անպայման ուզում է դերակատարություն ունենալ այդ խնդրի լուծման գործում, որովհետեւ Ֆրանսիայի հայ համայնքի գործոնը կա։
Հայաստանի պետական կառուցվածքն ամբողջական վերանայման կարիք ունի
Հարցին՝ «ի՞նչ հնարավորություն ու լուծում եք տեսնում այսօրվա իրավիճակում», ֆրանսահայ հասարակական գործիչը պատասխանել է, որ կարճատեւ հատվածում այս հարցին լուծում չի տեսնում։ «Իմ կարծիքով՝ ամբողջական վերանայման կարիք ունի Հայաստանի պետական տեսլականը, պետության կառուցվածքը»,- շեշտել է նա։ Ըստ Չոբոյանի՝ հիմնովին պետք է վերանայվի ինքնապաշտպանական համակարգը, որովհետեւ ՀՀ-ն այս վիճակում ընդունակ չէ ինքն իրեն պաշտպանելու։ «Հայաստանի դեպքում երեւակայել, թե Շվեյցարիայի կամ այլ երկրների պես այստեղ մարդիկ պետք է անհոգ ապրեն, դա այդպես չէ։ Հայաստանի շրջապատը թույլ չի տա հանգիստ ապրել, հետեւաբար հսկայական գործ կա անելու, բայց երկար ջանք է պահանջվելու։ Եվ արդեն շատ-շատ ժամանակ ենք կորցրել»,- եզրափակել է ֆրանսահայ հասարակական գործիչը։