ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է:
Գյումրիում խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել են Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ այլ պաշտոնյաներ:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ աճը 2021 թվականի համեմատ 2022 թվականին եղել է 16.3 տոկոսով. 2022-ին փաստացի հավաքվել է 3 մլրդ 346.3 մլն դրամ:
Ներկայացվել է 2018-2022 թվականների սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկություն, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում իրագործվել են 203 ծրագիր, 435 ենթածրագիր: 175 ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 8.9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են հետեւյալ սուբվենցիոն ծրագրերը՝ ջրամատակարարում/ջրահեռացում, ասֆալտապատում, գազիֆիկացում, մանկապարտեզների, հասարակական շենքերի նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում եւ այլն: 2023 թվականի համար հաստատվել են 9 մլրդ 500 մլն դրամի 32 ծրագիր, 130 ենթածրագիր:
Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը 210 հազար 976 հեկտար են, որից 15 հազարը՝ ոռոգվող: 76 հազար հեկտար ցանքատարածություններից մշակվել է 46 հազար 084-ը, ինչը 5 հազարով ավելի է 2021 թվականի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել են, մասնավորապես, 3,8 մլրդ դրամի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 1 մլրդ 302 մլն դրամի ցորենի արտադրության ծրագիր, 32 մլն դրամի տավարաբուծության ծրագիր, 123.4 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ եւ այլն: Նախորդ տարվա ընթացքում ապահովագրվել է 1700 հեկտար այգի՝ 2021-ի 1400 հեկտարի համեմատ: