Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա հանգստյան օրերին կայցելի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր հայտարարությամբ: «Այցը նախատեսված է սեպտեմբերի 9-10-ն ընկած ժամանակահատվածում: Կա տեղեկություն, որ Մակրոնը Երեւանից հետո պիտի այցելի Բաքու»,– հայտնում է Alpha News-ը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով դեսպանների ամենամյա խորհրդաժողովում, հայտնել էր, որ բանակցություններ կվարի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ եւ հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:
Նա նշել էր, որ կպահանջի Լաչինի հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք կատարում, ինչպես նաեւ հանդես կգա միջազգային ասպարեզում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա։
Էմանուել Մակրոնը Հայաստան է այցելել 2018-ի հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցել են ավելի քան երկու տասնյակ երկրների եւ կառավարությունների ղեկավարներ։ 2017-ին Ֆրանսիայի նախագահ ընտրված եւ 2021-ին վերընտրված Էմանուել Մակրոնը, ի տարբերություն Ֆրանսիայի նախորդ նախագահների, պաշտոնական կամ պետական այցով Հայաստանում չի եղել։ 2006-ին պետական այցով Հայաստան է ժամանել Ժակ-Շիրակը, 2011-ին՝ Նիկոլա Սարկոզին, 2014-ին՝ Ֆրանսուա Օլանդը։ Օլանդը 2015-ին երկրորդ անգամ այցելել է Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։