Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածության վերաբերյալ։ ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետեւում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին եւ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար եւ անվտանգային լուրջ հետեւանքներին:
ԵՄ-ն հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով երթեւեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների: «Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են, կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետեւանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։
ԵՄ-ն ափսոսանք է հայտնել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, եւ կոչ է անում այն լիարժեք եւ արագ վերականգնելու՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը: ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը եւ հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի եւ միջազգային դատարանի որոշման համաձայն։
Հայտարարության մեջ նշված է, որ բռնությունը, սպառնալիքները, կոշտ հռետորաբանությունը եւ ապատեղեկատվության տարածումը պետք է դադարեցվեն, որպեսզի ստեղծվի խաղաղությանը եւ կարգավորման բանակցություններին նպաստող միջավայր:
Եվրամիությունը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության խթանմանը եւ Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման ջանքերին աջակցելուն հավատարիմ մնալու իր հանձնառությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց: «Չպետք է կորցնենք վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման համար ձեռք բերված ազդակը։ Կարեւոր է շարունակել բանակցությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։