Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական, նախագահականի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը չհիմնավորված է համարում մեղադրանքները, թե իր երկիրը փակ է պահում Լաչինի միջանցքը։
«Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների նկատմամբ սովամահություն կամ շրջափակում չկա։ Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարեւոր ճանապարհներից է Աղդամ-Ստեփանակերտը»,- ասել է Հաջիեւը Arab news գործակալությանը։
Ադրբեջանի նախագահի օգնականին պատասխանել է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Եթե Լաչինի միջանցքը փակված չէ, եւ Արցախում պաշարում ու սով չկա, ինչո՞ւ է Ադրբեջանն Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»։
Իր X-ի (նախկինում՝ Twitter) միկրոբլոգում Մարուքյանը գրել է, որ Հաջիեւը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատել են միջազգային այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը։