Wildberries-ը վերացրել է տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում նշված ցածր գնով: Wildberries–ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ սխալը շտկվել է կայքում եւ բջջային օպերացիոն համակարգերում: Առաջիկայում աշխատանքները կավարտվեն:
Ընկերությունից տեղեկացրել են նաեւ, որ իրենց համար կարեւոր է տեղական բիզնեսի հետ հետադարձ կապը եւ իրենց ռազմավարության մեջ ձգտում են հաշվի առնելու տեղական արտադրողի կամքը եւ կատարելագործելու նրանց բիզնես գործունեությունը: Wildberries-ից նշել են, որ 2023-ի հունվար-օգոստոսին Հայաստանից վաճառվել է 4,5 միլիարդ դրամի ապրանք։
Սեպտեմբերի 5–ին ՀՀ Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել Wildberries-ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին` վերահսկողություն սահմանելու եւ արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։