Խնդրում եմ չմեղադրել տառակերության համար, բայց պետք է հարցնեմ՝ հնարավո՞ր է փլուզել ճարտարապետությունը, եւ արդյո՞ք ճարտարապետությունն ունենում է բեկորներ։ Մեկ էլ հանկարծ չմտածեք, թե նիկոլական ենք, դրա առիթը չենք տվել երբեք։
Ըստ հայերեն Վիքիպեդիայի՝ ճարտարապետությունը (լատիներեն՝ architectura) շենքեր, կառույցներ եւ հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ է։ Ուրեմն՝ արվեստը կարելի է անտեսել, արհամարհել, ատել, բայց փլուզել հնարավոր չէ։ Վերջին բեկորներն՝ առավել եւս, որովհետեւ բեկորի առաջին իմաստը «կոտրված կարծր առարկայի կտոր»-ն է։
ՀՀ անվտանգության կարծրության/չկարծրության մասին կարելի է հատորներ գրել, բայց հիմա պետք է հասկանալ, որ Անդրանիկ Թեւանյանն ուզում է խելոք երեւալ եւ դրա համար է անհամատեղելի բառեր շարում իրար կողքի։ Բայց ո՞ւմ է պետք այդ շարադասումը, երբ վերջում ընդամենը եզրակացնելու է, որ դա «ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին»։
Տեղին է հիշել ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեւավոր միտքը, թե «քաղաքական գործիչ լինելու համար խելք պետք չի»։