ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պատերազմի սպառնալիքի մասին: Այս մասին տեղեկացնում է News.ru կայքը:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջուկային տերությունների միջեւ հակամարտության ներուժը կարող է վերածվել բաց առճակատման, ասել է ՌԴ փոխարտգործնախարարը Ղրղզստանում «Միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդում» սեմինարի ժամանակ։ Նա նշել է, որ այդ ներուժը ժամանակին չկանգնեցվեց, ինչը հանգեցրեց ծայրահեղ սուր ճգնաժամի Եվրատլանտյան տարածաշրջանում։ Դիվանագետը չի հստակեցրել, թե որ տերությունների միջեւ կարող է պատերազմ բռնկվել։
«Միջուկային տերությունների միջեւ կուտակված կոնֆլիկտային ներուժն արդեն հանգեցրել է չափազանց սուր ճգնաժամի եվրատլանտյան տարածաշրջանում եւ սպառնում է վերաճել բաց ռազմական առճակատման Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ընդգծել է Ռյաբկովը: