«Կանաչ Հայաստան» ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն եւ Friedrich-Ebert-Stiftung, Armenia հիմնադրամը հրավիրում են մասնակցելու «Էկոլոգիական իրավունքի իրագործման խնդիրները Հայաստանում. ի՞նչ անել» թեմայով պանելային քննարկմանը։ Ելույթներով հանդես կգան «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանը, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը եւ այլք։
Փաստաբան Մերի Կարապետյանը քննարկման կներկայացնի «Թեղուտի գործը ՄԻԵԴ-ում», ինչպես նաեւ Մեծ Այրում եւ Ճոճկան գյուղերի 70 բնակիչների՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության գործը դատարանում։ Փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Նազելի Վարդանյանը կանդրադառնան «Ամուլսարի գործին», դրանում ի հայտ եկած խոչընդոտներին եւ դրանց հաղթահարման մեխանիզմներին։ Փաստաբան Կարեն Մեժլումյանը կանդրադառնա «Հատիսի գործին», կներկայացնի ՀԿ-ների՝ դատարան դիմելու իրավունքների ոտնահարման հերթական դեպքը։ Փաստաբան Գուրգեն Թորոսյանը «Ինչպե՞ս ոչնչացնել այգին եւ մնալ անպատիժ» թեմայով կներկայացնի Կարճեւան գյուղի բնակիչ Սիմոն Խաչիկյանի նկատմամբ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Հայաստանի դատական իշխանության ճնշումները եւ գործին առնչվող մանրամասները։