Հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: ՀՀ Կառավարության որոշմամբ՝ դրանց զուգահեռ տրանսպորտային միջոցներ կներգրավվեն ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից՝ հավաքների ապահովման համար։
Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը բխում է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունից եւ արվում է ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով։
Որո՞նք են ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինները
«Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքը սահմանում է, թե ինչ է ռազմատրանսպորտային պարտականությունը, եւ որոնք են ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինները։ Սույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում նշվում է՝ ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների, ռազմական դրության ժամանակ նաեւ ՀՀ քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ: