Ըստ «The Times of Israel»-ի՝ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության իրականացրած ջարդերը որպես ցեղասպանություն:
«Հատկապես այս օրերին մենք եւ աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլեւս չկրկնվեն»,- նշել է Իսրայելի ԱԳՆ-ն:
Հայտարարությունն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին ուղերձից հետո։
Ավելի վաղ իսրայելական The Jerusalem Post-ը «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով խմբագրականում գրել է՝ վստահ լինելու համար, որ աշխարհում այլեւս կոտորածներ չեն լինի, ժամանակն է հայերի հետ կատարվածը կոչել իր անունով՝ «ցեղասպանություն»:
«Եվ կարիք չկա վախենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը հակասեմիտական խառնակչի վարք է դրսեւորում Մերձավոր Արեւելքում»,- հավելել է պարբերականը:
The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ 2018-ին Կնեսետի պատգամավոր Թամար Զանդբերգը, հետագայում նաեւ՝ պատգամավորներ Յաիր Լապիդն ու Գիդեոն Սաարը առաջ էին քաշել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր, սակայն այդ նախաձեռնությունները չստացան Իսրայելի կառավարության աջակցությունը:
Դա պայմանավորված է նրանով, որ Իսրայելը ցանկանում է «հնարավորություն թողնել բարելավելու կապերը Թուրքիայի հետ, որն իր ակնհայտ նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին: Սա ակնհայտ երեւաց նախորդ աշնանը, երբ Իսրայելը զենքեր մատակարարեց Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի տարածքում կռվում էր հայերի դեմ»,- նշել է The Jerusalem Post-ը:
«Որպես ժողովուրդ, որն անցել է ցեղասպանության ու հետապնդումների միջով, հրեաները պատասխանատվություն ունեն կանգնելու մյուս ժողովուրդների կողքին, որոնք նման կոտորածներ են տեսել»,- նշել է պարբերականը՝ եզրափակելով. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա պարզ մի օրենք է: Ժամանակն է, որ Կնեսետն ընդունի դա»: