Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարար Վարդինե Օհանյանն օրերս Հայաստան ժամանած օտարերկրյա բարձրաստիճան հյուրերից էր: Նա Լիբանանի նախագահի անունից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում մասնակցել է նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը, եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ազգային ժողովում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում:
«Ալիք մեդիա»-ի տեղեկություններով Վարդինե Օհանյանն այցելել է նաեւ Կոտայքի մարզի Պռոշյան համայնք, որտեղ գտնվում է Արցախյան ազատամարտի եւ 2020-ի պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Զորաց պանթեոն հուշահամալիրը: Վերջին պատերազմում Պռոշյան համայնքը տվել է 17 զոհ, որոնց մեջ է նաեւ լիբանանահայ Գեւորգ Հաջյանը: Լիբանանցի նախարարը ծաղիկներ է դրել զոհվածների գերեզմանին, հանդիպել պատերազում զոհված պռոշյանցիների հարազատներին, հանդիպում ունեցել Պռոշյանի ՀՅԴ կենտրոնում:
Նշենք, որ մասնագիտությամբ սոցիոլոգ 37-ամյա Վարդինե Օհանյանին նախարար է առաջադրել Լիբանանի ՀՅԴ-ն, եւ նա 2020 թվականի հունվարի 22-ին Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարար է նշանակվել Լիբանանի վարչապետի կողմից: Ինչպես Լիբանանի կառավարության բոլոր անդամները, Վարդինե Օհանյանը նույնպես (Լիբանանի քաղաքական երկարատեւ ճգնաժամով պայմանավորված) այս պահին նախարարի պաշտոնակատար է: Նա Լիբանանի կառավարության միակ հայ անդամն է:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։