ԱԱԾ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի Հակարիի կամրջի տեղամասում ադրբեջանական կողմը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լեւոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) եւ Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.): Նրանք առեւանգվել էին Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում:
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մոտից առեւանգված երեք երիտասարդները արցախցի ֆուտբոլիստներ են։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ տղաներին մեղադրում են երկու տարի առաջ ադրբեջանական դրոշն անարգելու համար։ Նշում են, որ Լաչինի միջանցքում առեւանգվածներին նրանք ձերբակալել են։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում հայտարարել էին, թե իբր 2021-ին որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել` երկու հոդվածով։