«ԵԱՏՄ-ն ի սկզբանե չէր կարող կայանալ։ Կայանալու համար փոխադարձ շահեր են պետք, բայց մենք շատ լավ հիշում ենք, թե Հայաստանն ինչ պայմաններում վերաուղղորդվեց դեպի ԵԱՏՄ։ Եթե տարիներ շարունակ աշխատում ես մի ուղղությամբ, բայց մի գիշերում փոխում ես այն, նշանակում է՝ ինչի վրա աշխատում էիր, համապատասխանում է քո շահերին, իսկ ինչ ընտրեցիր, այդքան էլ ոչ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։
Սեպտեմբերի 3-ին լրացավ ԵԱՏՄ-ին, ավելի շուտ Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության 10 տարին։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ դարձավ 2015 թվականից։ 2013 թվականին դեռ ԵԱՏՄ-ն չկար, ՄՄ-ն ամիսներ անց պետք է վերափոխվեր ԵԱՏՄ-ի, երբ Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարությունն արեց Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ՝ անակնկալի բերելով ոչ միայն հայ հանրությանը, այլեւ սեփական թիմին։
Մինչ այդ Հայաստանը չորս տարի բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ, եւ ընդամենը երեք ամիս էր մնացել, որ ստորագրեր այդ համաձայնագիրը։ ՀՀ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ՝ անգամ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու այլք, հայտարարում էին, թե մեր երկիրը չի անդամակցելու ՄՄ-ին կամ ԵԱՏՄ-ին, քանի որ այդ կառույցի անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունի։
Բայց Սերժ Սարգսյանը, ինչպես ընդունված է ասել, մի գիշերում փոխեց իր որոշումը։ Մինչեւ այժմ էլ տիրապետող է կարծիքը, թե նա այդ քայլին գնաց ՌԴ-ի ճնշմամբ։ Տեղեկություններ էին շրջանառվում, թե Պուտինը տարբեր՝ Ադրբեջանի հետ նոր պատերազմի, տնտեսական եւ այլ սահմանափակումների սպառնալիքներով է նրան ստիպել նման հայտարարություն անել։ Իշխանության ներկայացուցիչները ներքին խոսակցություններում մանրամասներ էին պատմում, թե որքան նվաստացուցիչ է եղել Պուտին-Սարգսյան խոսակցությունը։
Նաեւ պատմում էին, թե ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանն իր թիմով երկար ժամանակ հայտնվել էր խոր ընկճախտի մեջ։ Բայց հետո նրանք բոլորով «դարձի եկան» եւ սկսեցին հանրությանը բացատրել, թե ինչքան սխալ կլիներ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, եւ ինչքան ճիշտ է ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Ինքը՝ Տիգրան Սարգսյանը, տարիներ անց դարձավ ԵԱՏՄ վարչապետը, հիմա էլ ՌԴ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում, Շավարշ Քոչարյանն էլ մինչ այժմ արդարացնում է ՌԴ-ի բոլոր արարքները։
Ամեն դեպքում արդարացվե՞ց ՌԴ-ի նախաձեռնած եւ այդ երկրի ազդեցությունը կրող կառույցին անդամակցելը։ «Հարցն ունի երկու կողմ՝ քաղաքական եւ տնտեսական։ Քաղաքականն այն է, որ անդամակցելու քայլն արվեց անելանելի վիճակում։ Իսկ սպասումները, ընդհանուր առմամբ, չեն արդարացվել։ Բացի այդ՝ 10 տարի առաջ ՀՀ-ՌԴ հարաբերություններն ավելի որակյալ էին, ավելի հուսալի եւ թափանցիկ։ Ինձ որ հարցնես, թե այսօր հայ-ռուսական հարաբերություններն ինչ որակի են, կդժվարանամ պատասխանել»,- ասաց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո նրա բոլոր թիմակիցները սկսեցին հայտարարել, որ ԵԱՏՄ-ին անդամակցել են անվտանգության նկատառումներով, չէ՞ որ մենք ունենք ղարաբաղյան հակամարտությունը։ Խոստացան, որ մեր տնտեսության համար կբացվեն հավելյալ հնարավորություններ՝ վերջնականապես կնվաճենք այդ կառույցի 180 միլիոնանոց շուկան։
Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից 7 տարի անց տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, 8 տարի անց Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի եւ Ջերմուկի վրա եւ կարեւոր դիրքեր գրավեց։ 9 տարի անց հարձակվեց Գեղարքունիքի վրա, նորից կարեւոր դիրքեր գրավեց։ Ուղիղ 10 տարի անց՝ այս օրերին, րոպե առ րոպե Ադրբեջանի կողմից նոր հարձակման ենք սպասում, ՀՀ իշխանությունները ոտուձեռ ընկած տարբեր երկրների միջոցով փորձում են կանխել այդ հարձակումը։ ՌԴ-ն մատը մատին չի տալիս, միայն իր ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի միջոցով լեզվակռվի մեջ է մտել։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու անվտանգային նպատակները խաբեություն էին։
Ինչ վերաբերում է տնտեսական ազդեցությանը, Բագրատ Ասատրյանն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմը մի այնպիսի խառնաշփոթ է ստեղծել, որ այսօր չես կարող ԵԱՏՄ-ին անդամակցելու էֆեկտը գնահատել։ «Անցած մեկ տարում այնքան շատ իրադարձություններ են եղել, այդ թվում՝ ՌԴ-ի հետ տնտեսական կապերի ակտիվացման, արտաքին առեւտրի զարգացման առումով, որ նախորդ ինը տարիների պատմությունը խամրել է։ Իհարկե, որակական տեղաշարժ եղել է, բայց դա պայմանավորված չէր ԵԱՏՄ-ի զարգացմամբ։ Ճիշտ հակառակը, այդ խնդիրները դրական ազդեցություն ունեցան Հայաստան-ԵԱՏՄ տնտեսական կապի վրա»,- ասում է տնտեսագետը։
Իսկ ԵԱՏՄ-ն ունի՞ հնարավորություններ, որոնք չենք կարողանում օգտագործել։ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ այն ամենակարողը չէ, ԵՄ-ի հետ համեմատած՝ խիստ սահմանափակ հնարավորություններ ունի։ Այնուամենայնիվ, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ի՞նչ կկորցներ։ «Պատասխան հարցը տամ՝ իսկ եթե Ուկրաինայի վիճակում հայտնվեի՞նք։ Ըստ էության՝ Ուկրաինան էլ ռուսամետ կառույցներին չինտեգրվելու ճանապարհը բռնեց»,- պատասխանեց տնտեսագետը։
Արմեն Քթոյանը նույնպես կարծում է, որ Հայաստանը, ԵԱՏՄ-ին անդամակցելով, մեծ հնարավորություններ չի ստացել։ Նախ, բացի ՌԴ-ից, կառույցի մաս կազմող մյուս երկրների հետ տնտեսական հարաբերությունները չեն ավելացել։ Ինչ-որ չափով ավելացել է միայն ՌԴ-ի հետ առեւտուրը։ Իսկ ուկրաինական պատերազմից հետո ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառության գրեթե եռապատկումը որքան հավելյալ եկամուտներ է ապահովում, նույնքան էլ մտահոգիչ է։ Այն խախտել է մեր երկրի արտաքին առեւտրի հավասարակշռությունը․ եթե մինչեւ ԵԱՏՄ-ին անդամակցելը ԵՄ-ի եւ ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը գրեթե հավասարաչափ էր՝ շուրջ 25-ական տոկոս, ապա անդամակցելուց հետո ՌԴ-ի բաժինն անցավ 30 տոկոսը, իսկ այսօր այդ հարաբերակցությունը 50/10 տոկոս է հօգուտ ՌԴ-ի։ Բայց եթե Հայաստանն ինչ-որ հարցում հակադրվի, ՌԴ-ն կարգելի մեր երկրից ներմուծումը, գազի գինը կբարձրացնի կամ ընդհանրապես գազ չի տա եւ այլն։
Վերջին տարիներին Հայաստանում նվազել են ուղղակի ներդրումները, իսկ այդ ոլորտում ՌԴ-ի կապիտալը մեծ էր։ Բացի այդ՝ մենք անդամակցել ենք մի կառույցի, որը որակական փոփոխության չի մղի մեր երկրին, ինչը կաներ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ ՌԴ-ն ընդունում է ՀՀ-ում արտադրված երբեմն ցածրորակ ապրանքը, ԵՄ-ն բարձր որակի պահանջ կդներ։
«Եթե անդամակցել ես մի կառույցի, որն այնքան էլ չի համապատասխանում քո շահերին, եւ մյուս անդամ երկրները նույնպես տարբեր լծակներով են այդ քայլին գնացել, նշանակում է՝ չկա այն ընդհանուր լծակը, որը բոլորին կամավոր կդրդեր մասնակցելու այդ միությանը, ինչն առկա է այլ միությունների դեպքում։ ԵԱՏՄ-ն ի սկզբանե հիմնված չէր փոխադարձ տնտեսական շահի վրա։ Այն ավելի շատ ապագայում քաղաքական ինտեգրացիայի համար հող նախապատրաստելու պրոյեկտ էր, իսկ թե ինչ չափով դա կիրականանա, ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց Քթոյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։