Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կընդունի Հանրային հեռուստաընկերությամբ մյուս թեկնածուների հետ հրապարակային բանավեճի հրավերը, եթե այն չվարի իր բառերով «իշխանական պրոպագանդիստ» Պետրոս Ղազարյանը:
Ֆեյսբուքյան իր էջում նախկին քաղաքապետը գրել է. «Մեզ ներկայացված հրավերի մեջ նշվում է, որ բանավեճը վարողներից մեկը Հ1-ի լրատվականի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանն է։ Մարդ, որը հատկապես վերջին տարիներին իշխանության օգտին իր կողմնակալ վերաբերմունքով ճանաչված է որպես թիվ 1 իշխանական պրոպագանդիստ՝ «հայկական Սոլովյով»։ Հաղորդավար, որը հատկապես նախընտրական այս շրջանում ոտնահարել է լրագրողական օբյեկտիվության բոլոր նորմերը՝ ակնհայտորեն առաջ մղելով իշխանական օրակարգը։ Բառացիորեն օրերս նա իր հարցազրույցներից մեկում զրպարտել է ինձ՝ որպես իրականություն ներկայացնելով իշխանական մեդիայի տարածած կեղծ թեզերը»:
Բացի դրանից՝ Հայկ Մարությանին դուր չի եկել, որ «Պետրոս Ղազարյանն առանց ողջամիտ բացատրության որոշել է, որ նախընտրական քարոզչության վերջին օրը՝ սեպտեբերի 15-ին, հարցազրույցի է հրավիրելու իշխանական թեկնածուին՝ սրանով եւս առավելություն տալով վերջինիս»: