«Վերսկսում» խորագրով ազդագրային ցուցահանդես է բացվել Բաղրամյան պողոտայում՝ Սիրահարների այգում. մուտքը՝ փողոցի կողմից: 23 երիտասարդ նկարիչ, գրաֆիկ-դիզայներ, ոչ միայն Հայաստանից, գարնան իրենց ընկալումներն են փոխանցում: Ցուցահանդեսը համադրող Նաիրի Խաչատուրյանն ասում է. «Ուզեցինք բացօթյա ներկայացնել ցուցադրությունը, որ ավելի լայն լսարան կարողանա նայել, վայելել ցուցադրությունը, համագործակցել ենք Սիրահարների այգու հետ»:
Պատերազմական, հետպատերազմական օրերի ապրումներն ուղղակի կամ անուղղակի տեղ են գտել երիտասարդների աշխատանքներում: Արվեստի լեզվով ճգնաժամը հաղթահարելու յուրատեսակ փորձ է սա:
«Սոցիալական, քաղաքական դժվար, կարելի է ասել՝ աղետալի վիճակի, իրողություններից ինչ-որ ձեւով ուզում ենք դուրս գալ, եւ այդ դուրս գալու գործողությունները տարբեր են լինում, այդ թվում նաեւ էսպիսի ցուցադրություն կազմակերպելու միջոցով»,- նշում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը:
Ցուցադրությունը կազմակերպել է «ԱՀԱ կոլեկտիվ» մշակութային ՀԿ-ն: «Վերսկսում»-ն, ըստ էության, շարունակությունն է պատերազմի օրերին բացված «Մենք ենք» ցուցադրության, որի շրջանակում ներկայացան 27 երիտասարդ նկարիչներ խաղաղության, միասնականության, վերածննդի գաղափարը կրող պաստառներով։ Դրանց վաճառքից ստացված շուրջ 3 մլն դրամ հասույթը փոխանցվեց Համահայկական հիմնադրամին:
Ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ մանկական գրքերի հեղինակ-նկարազարդող Լիլիթ Ալթունյանը: Լիլիթը պատերազմը հաղթահարելու իր տարբերակն էր գտել, ամենօրյա ապրումներից ազատվում էր նոր գործեր ստեղծելով: Այս ցուցահանդեսին նա ներկայացել է «Ներսկսում» գրաֆիկական աշխատանքով: Ներսը քննելու, սեփական կյանքը վերարժեւորելու ճիշտ շրջան է գարունը, վստահ է՝ շատերը պաստառում արտահայտած իր զգացողություններն անպայման կկիսեն: «Մարդն իր սրտի մեջ սերմ է գցում, ջրում է, որ սիրտը կենդանանա, ապրի, նորից սկսի ապրել, նորից հույս ունենա»:
Մարիամի աշխատանքում օրվա խնդիրները միահյուսված են բնապահպանական մտահոգություններին։ «Ծառ է իրականում, կտրված ծառ, բայց մարդու գլխով, որովհետեւ մենք բնություն ենք. կոնցեպտը լրիվ փոխվում է, դե ամեն դեպքում գարուն… ու տխուր գարուն»:
Երիտասարդ արվեստագետների գրաֆիկական աշխատանքները Սիրահարների այգում կմնան մինչեւ մայիսի 25-ը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։