Ըստ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության՝ ՌԴ-ում արգելվել է Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի եւ քաղաքական գործչին սատարող ընդդիմադիր շտաբների գործունեությունը։
Հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը հայտնել է, որ դատարանն իրենց գործունեությունն արգելող որոշում է ընդունել։
Մոսկվայի քաղաքային դատարանն այդ կառույցները ծայրահեղական կազմակերպություններ է ճանաչել՝ պնդելով, որ դրանք «լիբերալ կարգախոսների ուղեկցությամբ զբաղվում են սոցիալական եւ հանրային-քաղաքական իրավիճակի ապակայունացման համար պայմանների ստեղծմամբ»։
Այժմ ՌԴ-ում արգելված ծայրահեղական հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ցանկում, ըստ ՌԴ արդարադատության նախարարության կազմած ցուցակի, ներառված է ավելի քան 80 միավորում։
Անցյալ տարի օգոստոսին «Նովիչոկ» քիմիական նյութով թունավորված ու ապաքինվելուց ամիսներ անց բանտարկված Ալեքսեյ Նավալնիի գլխավորած հակակոռուպցիոն կառույցը ստեղծվել է 2011-ին։ Կազմակերպությունը զբաղվում է Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների կոռուպցիոն գործարքների, ապօրինի ունեցվածքի հետաքննությամբ եւ բացահայտմամբ։